Կառավարությունը հաստատեց հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը:
«Արդեն ունենք կամավոր ատեստավորման համակարգը, որի միջոցով ուսուցիչների առարկայական գիտելիքների ստուգման ճանապարհով ենք գնում: Այս մեխանիզմը, որը ներկայացված նախագծով նոր ձևաչափով առաջարկում ենք հաստատել, ուղղված է ուսուցիչների մանկավարժական հմտությունների զարգացմանը:
Այս մեխանիզմը գործել է դեռևս 2012 թվականից, սակայն շուրջ 10 տարիների ընթացքում այս մեխանիզմով անցել են ուսուցիչների ընդամենը շուրջ 6.2 տոկոսը:
Այսինքն՝ համակարգը չի եղել արդյունավետ մի քանի պատճառով, որովհետև ներկայացված բնութագրերը, որոնց համապատասխանելու դեպքում ուսուցիչները կարող էին ստանալ 10-50 տոկոս հավելավճար, ավելի շատ բնութագրում էին ոչ թե ուսուցչի առօրյա գործունեությունը, այլ վերաբերում էին այլ ցուցանիշների, ինչպես օրինակ՝ ուսուցիչների կողմից հոդվածների հրապարակումը, նրա աշակերտների կողմից օլիմպիադաներում տեղ զբաղեցնելը: Սրանք կարևոր ցուցանիշներ են, բայց չեն կարող ասել, որ ուսուցչի ամենօրյա դասի պլանավորման և վարման հետ ուղիղ կապ ունեն»,- ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նոր կարգով՝ տարակարգերի մեխանիզմը փոխկապակցվել է ուսուցիչների մասնագիտական ստանդարտներին կամ չափանիշներին:
«Ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավելավճար ստանալ 5 տարի ժամկետով: Ժամկետը դրվել է, որովհետև կարևոր ենք համարում, որ ուսուցիչը շարունակի իր վրա աշխատել և կարողանա անընդհատ ապահովել մասնագիտական զարգացումը»,- ասաց փոխնախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց ուսուցիչների աշխատավարձերի շարունակական բարձրացումը:
Նրա խոսքով՝ ուսուցչի աշխատանքը պետք է գրավիչ դառնա շրջանավարտների համար:
«Մեր խնդիրն է, որ այսօր շրջանավարտն իմանա, որ ինքը բարձր աշխատավարձ կարող է ստանալ ոչ միայն ՏՏ ոլորտում աշխատելով, այլև ուսուցիչ աշխատելով: Այս պրոցեսով ուսուցիչների աշխատավարձը պետք է դարձնենք համեմատելի: 450 հազար դրամը մեկնարկն է: 5 տարի հետո այդ ստանդարտով պետք է կրկնապատկենք, մյուս 5 տարի հետո՝ եռապատկենք: Այս հեռանկարը պետք է մարդիկ իմանան»,- ասաց Փաշինյանը: