Անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը զգալիորեն կաճեն և կկազմեն 557 մլրդ դրամ, ինչը մոտ 200 մլրդ դրամով ավելի է, քան սահմանվել է 2022 թվականի պետական բյուջեով: 2023 թվականին այս ցուցանիշը կհասնի ՀՆԱ-ի 5.9 տոկոսին այս տարվա համար սկզբնապես ծրագրված 4.5 տոկոսի դիմաց: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ զգալիորեն կավելանան անվտանգության ենթակառուցվածքներին հատկացումները, կշարունակեն բարձր մնալ տնտեսական ենթակառուցվածքների բարելավման ֆինանսական հատկացումները, կավելանան սոցիալական ենթակառուցվածքների, կրթական և առողջապահական հաստատությունների կառուցման և հիմնանորոգման աշխատանքները:
Ենթակառուցվածքների և տարածքային զարգացմանն ուղղվող ծրագրերի բյուջեով նախատեսված հատկացումների հանրագումարային ընդհանուր մեծությունը կկազմի 286 մլրդ դրամ, ինչը 2022 թվականի համար հաստատված ֆինանսավորման համեմատությամբ ավել է 9 տոկոսով:
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներին հատկացվող ֆինանասավորումը նախատեսվում է 250 մլրդ դրամ չափով, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 10.3 տոկոսով:
Նախարարը նշեց, որ, մասնավորապես, կրթության ոլորտին հատկացվող միջոցների հանրագումարը կկազմի 208 մլրդ դրամ՝ այս տարվա համար նախատեսված հատկացումների գումարը գերազանցելով մոտ 21 մլրդ դրամով:
«Նշվածը թույլ կտա խորացնել հանրակրթության բարեփոխումները և այդ շրջանակում ավելացնել որակի նոր պահանջներին համապատասխան, ատեստավորումը հաստատած ուսուցիչների աշխատավարձերը»,- ասաց նա:
Գիտության ոլորտին գալիք տարվա հատկացումները կգերազանցեն 36 մլրդ դրամը, ինչը 6.5 մլրդ դրամով ավելի է այս տարվա հատկացումներից:
«Դա թույլ կտա բարձրացնել գիտական կենտրոնների հագեցվածությունը ժամանակակից սարքավորումներով և բարձրացնել իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Կշարունակվի մշակութային և սպորտային հաստատությունների պայմանների բարելավումը, այդ թվում՝ դրանց տեխնիկական հագեցվածությունը»,- նշեց նախարարը:
Սոցիալական ապահովության ծրագրերին հատկացվող ֆինանասավորումը կգերազանցի 648 մլրդ դրամը, որը 2022 թվականի բյուջեով հաստատված գումարը գերազանցում է 11.8 տոկոսով կամ 69 մլրդ դրամով:
«Դա թույլ կտա եկող տարվա հուլիսից շարունակել կենսաթոշակների սոցիալական տարբեր խմբերի պաշտպանությանն ուղղված հատկացումների ավելացումը, որ մեկնարկել է այս տարվա սեպտեմբերին: Կենսաթոշակների ֆինանսավորման ավելացումը գալիք տարվա բյուջեով կլինի ավել քան 25 մլրդ դրամով, կավելացվի ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորումը 17 մլրդ դրամով»,- ասաց Խաչատրյանը:
Առողջապահության ոլորտին հատկացումները 2023 թվականին կկազմեն ավելի քան 146 մլրդ դրամ, որն ավելի քան 22 տոկոսով ավելի է, քան 2022 թվականի բյուջեով սկզբնապես սահմանված ֆինանսավորման չափը:
Էկոնոմիկայի նախարարությանը հատկացումները կգերազանցեն 64 մլրդ դրամը: Դրանք 2022-ի համար սկզբնապես հաստատված բյուջեն կգերազանցեն ավելի քան 22 մլրդ դրամով:
Նախարարի խոսքով՝ 2023 թվականի բյուջեում 21 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում է նախատեսված հանրային հատվածի աշխատողների աշխատավարձի ավելացման համար: Խաչատրյանը տեղեկացրեց, որ նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որն ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով:
«Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Սակայն պետք է պարզաբանեմ նաև, որ այս փոփոխությամբ վերահաշվարկված աշխատավարձի ֆինանսավորումը որոշ չափով փոխհատուցվելու է ներկայումս սահմանված պարգևավճարների և հավելավճարների հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով»,- ասաց նախարարը: