ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՈԲԻԼԻԶԱՑՎԵԼ
ՌԴ այն քաղաքացիները, որոնք ծառայել են այլ երկրների զինված ուժերում, սակայն հաշվառված են ՌԴ Զինված ուժերի պահեստազորում և ունեն ռազմական մասնագիտություն, կարող են մոբիլիզացվել՝ ասված է Объясняем.рф տելեգրամյան ալիքում:
Ալիքը գործարկվել է Ռուսաստանի կառավարության կողմից՝ զորահավաքի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերի հետ կապված տեղեկություն տրամադրելու համար:
ՌՈՒՍ-ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ԿԵՏ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ
Ռուս-ղազախական սահմանի Կարաուզեկ անցակետում զորահավաքային ժամանակավոր կետ կտեղակայվի, քանի որ մի քանի կիլոմետրանոց հերթի մեջ զորակոչի ենթակա տղամարդիկ կան՝ տեղեկացրել են Աստրախանի ղեկավարի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ անցակետում արդեն ստուգում են Ռուսաստանի տարածքը լքող ռուսաստանցիների փաստաթղթերը և թույլ չեն տալիս զորակոչի չափանիշներին համապատասխանող քաղաքացիներին հատել սահմանը:
Աստրախանի իշխանությունները նաև որշում են կայացրել փոխել Աստրախանի շրջանի բնակիչներին չպատկանող ավտոմեքենաների երթուղին: Այժմ նրանք Աստրախանից Կարաուզեկ անցակետ կարող են հասնել Ռուսաստանի Նովոուրուսովկա գյուղում գտնվող կամրջով։
ՖԻՆԼԱՆԴԻԱՆ ԿՓԱԿԻ ՍԱՀՄԱՆԸ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ֆինլանդիան կփակի սահմանը ՌԴ քաղաքացիների համար՝ հայտարարել է արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ Ուսաստանցիները չեն կարողանա հատել Ռուսաստան- Ֆինլանդիա սահմանը սեպտեմբերի 30-ի կեսգիշերից հետո:
Նախարարը պարզաբանել է՝ որոշումը չի տարածվում մարդասիրական նկատառումներով երկիր մուտք գործող քաղաքացիների վրա։
ՌԴ ԿԱԶՄ ՆՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը կընդունի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի ղեկավարներին: Ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած այդ շրջաններում օրեր առաջ են անցկացվել հանրաքվեներ, քվեարկության մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին:
Պեսկովի խոսքով՝ Կրեմլում տեղի կունենա երկրի կազմ նոր տարածքների ընդունման մասին համաձայնագրերի ստորագրումը։
Ստորագրումից հետո փաստաթղթերը պետք է վավերացնի Պետդուման, դրանք պետք է հաստատի նաև Դաշնային խորհուրդը: Հանրաքվեների արդյունքներով Պետդումայի լիագումար նիստերը նախատեսված են հոկտեմբերի 3-ին և 4-ին։
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՆՑԵԼ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ
Ադրբեջանական բանակն ամբողջությամբ անցել է թուրքական մոդելի. ուսուցման, ծրագրերի, սարքավորումների, կադրային կառուցվածքի, կառավարման հարցերում արդեն անցում է կատարվել նոր ձևաչափի՝ հայտնել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի ղեկավար, գեներալ-մայոր Ֆիզուլի Սալախովը:
Նշվում է, որ ադրբեջանցի դասախոսներն ու զինծառայողները վերապատրաստում են անցնում Թուրքիայի ռազմական ուսումնարաններում:
Սալախովի խոսքով՝ Թուրքիայի հետ ռազմական ոլորտում փորձի փոխանակումը շարունակվում է արդեն 1 տարի:
ԱՄՆ-Ը ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆԻ ՀՐԹԻՌԱԿՈԾՈՒՄԸ
Ամերիկյան զինվորականները իրանական անօդաչու թռչող սարք են խոցել Իրաքյան Քրդստանում՝ հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն էլ զգուշացրել է, որ հարվածները շարունակվելու են մինչև հակաիրանական և անջատողական ահաբեկչական խմբավորումների լիակատար զինաթափումը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի օգնական Ջեյք Սալիվանը դատապարտել է Իրանի կողմից Իրաքյան Քրդստանի հրթիռակոծումը, շեշտել՝ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Մերձավոր Արևելքում Թեհրանի գործունեությունը խոչընդոտելու համար:
Լրատվամիջոցների տվյալով՝ իրանական կողմն առնվազն 360 հրթիռ է արձակել Էրբիլ և Սուլեյմանիա նահանգների ուղղությամբ։ Իրաքի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել։
ՓՈԹՈՐԻԿ ՖԼՈՐԻԴԱՅԻ ԱՓԵՐԻՆ
«Յան» փոթորիկը առանց էլեկտրականության է թողել Ֆլորիդայի ավելի քան 2 միլիոն բնակչի՝ հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: Նշվում է, որ սա ամենաուժեղ փոթորիկներից է, որ երբևէ մոլեգնել է Ֆլորիդայի ափերին: Սեպտեմբերի 24-ին Ջո Բայդենը նահանգում արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել։
Սեպտեմբերի 27-ի երեկոյան առանց էլեկտրականության էր մնացել նաև Կուբայի ամբողջ տարածքը։