Ամերիկացի զինվորականներն իրանական անօդաչու թռչող սարք են խոցել Իրաքյան Քրդստանում՝ հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարն էլ զգուշացրել է, որ հարվածները շարունակվելու են մինչև հակաիրանական և անջատողական ահաբեկչական խմբավորումների լիակատար զինաթափումը։
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը դատապարտել է Իրանի կողմից Իրաքյան Քրդստանի հրթիռակոծումը, շեշտել՝ Վաշինգտոնը կշարունակի պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Մերձավոր Արևելքում Թեհրանի գործունեությունը խոչընդոտելու համար:
Լրատվամիջոցների տվյալով՝ իրանական կողմն առնվազն 360 հրթիռ է արձակել Էրբիլ և Սուլեյմանիա նահանգների ուղղությամբ։ Իրաքի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առնվազն 9 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել: