Սեպտեմբերի 29-ին աշխարհում նշում են սրտի համաշխարհային օրը: ԱՀԿ տվյալով, աշխարհում յուրաքանչյուր երկրորդ մահը սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով է: Հայաստանն էլ բացառություն չէ:
Լիանա Բարսեղյան (ՀՀ ԱՆ հիվանդանոցային բուժօգնության քաղաքականության բաժնի պետ) - Հայաստանում էլ ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշը կազմում է շուրջ 81.5 տոկոս, որի մեծ բաժինն ընկնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացությանը՝ շուրջ 48 տոկոս:
Սա՝ 2021 թվականի տվյալով: Տարբեր տարիներին ցուցանիշը տատանվում է, բայց առաջին հորիզոնականը պահպանվում է: Առողջապահության նախարարությունը ձգտում է նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների վիճակագրությունը:
Կանխարգելող միջոցներից է սկրինինգային ծրագիրը, որը հնարավորություն է տալիս վաղ շրջանում հայտնաբերել զարկերակային գերճնշումը:
Լիանա Բարսեղյան - 35-68 տարեկան քաղաքացիները կարող են ներկայանալ իրենց սպասարկող ԱԱՊ հաստատություն, պետության կողմից անվճար պայմաններով ստանալ բժշկի խորհրդատվությունը, անցնել սկրինինգային հետազոտությունը տվյալ հիվանդությունը վաղ հայտնաբերելու նպատակով, ինչպես նաև լսել հիվանդությունը առաջացնող ռիսկի գործոնների վերաբերյալ և առողջ ապրելակերպի մասին:
Մյուսը սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիրն է: Անվճար ստենտավորում սրտամկանի սուր ինֆարկտի ժամանակ:
Համլետ Հայրապետյան (բժիշկ-սրտաբան, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտաբանության գծով) - Որը թույլ է տալիս անվճար հիմունքներով բացել սրտամկանը սնուցող փակված անոթը, որի շնորհիվ վերականգնվում է արյան հոսքը դեպի վնասված սրտամկան, և, հետևաբար, նվազում են բարդությունները, նվազում է մահացության ռիսկը:
2015-ից ծրագրից օգտվել է 14 հազար պացիենտ: Արդյունքում շեշտակի կրճատվել է ինֆարկտի հետևանքով հոսպիտալային մահերի թիվը: Եթե նախկինում դա տարեկան կազմում էր 8-10 տոկոս, հիմա 3.5-4 տոկոս է: Սա նաև ստենտավորում անող բուժհաստատությունների քանակի ու աշխարհագրության մեծացման շնորհիվ է:
Համլետ Հայրապետյան - Այս խնդրում շատ կարևոր է ժամանակի գործոնը. ինչքան շուտ է կատարվում վիրահատությունը, ինչքան շուտ է բացվում անոթը, այնքան արդյունքները՝ և՛ մոտակա, և՛ հեռակա, ավելի լավ են:
Գլխուղեղի սուր կաթվածի բուժման ծրագիրը 2019-ից ևս պետպատվերով է՝ անկախ սոցիալական կարգավիճակից: Դրանից օգտվել է շուրջ 1300 պացիենտ: Բացի նշվածներից՝ ընդլայնվել է բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկը:
Արդյունքում 16 խումբ օգտվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից:
Սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու կարևոր պայման է համարվում առողջ ապրելակերպը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան