ԵՎՍ 1.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄՆ-ԻՑ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի 1,1 միլիարդ դոլարի ռազմական աջակցության հերթական փաթեթը: Այն ներառում է 18 HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և 150 զրահապատ ամենագնաց:
Պենտագոնի տվյալով՝ փաթեթում առկա են նաև անօդաչու թռչող սարքերից պաշտպանության համակարգեր, ՀՕՊ համակարգերի համար զինամթերք։ Այսպիսով, Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին ամերիկյան օգնության ընդհանուր ծավալը գերազանցել է 16 մլրդ դոլարը։
Ընդգծվում է, որ աջակցությունը տրամադրվում է ոչ թե անմիջապես Պենտագոնի պաշարներից, այլ պաշտպանական գերատեսչության և համապատասխան արտադրողների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ ԸՆԴՈՒՆԵԼ ՌԴ ԴԵՄ
Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքներից հետո, որոնց համաձայն ընտրողների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին, Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթ ընդունել Ռուսաստանի դեմ: Այս նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նրանք ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում տեղի ունեցած հանրաքվեները կեղծ են որակել, հավատացրել՝ ԵՄ-ն երբեք չի ճանաչի դրանց արդյունքները:
Պատժամիջոցների արդեն 8-րդ փաթեթը կարող է ներառել սահմանափակումներ ռուսական ապրանքների ներմուծման և Ռուսաստան մի շարք ապրանքների արտահանման հետ կապված:
DPA լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է նաև առաջարկել ռուսական վառելիքի գնի վերին սահմանաչափ ընդունել։ Նոր փաթեթի մասով վերջնական որոշում կարող է կայացվել սեպտեմբերի 30-ին:
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՏԱՀՈՍՔԸ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻՑ
Շվեդիայի առափնյա պահպանության ծառայությունը հայտնաբերել է Հյուսիսային հոսք գազատարներից չորրորդ արտահոսքը՝ հայտնում են շվեդական րատվամիջոցները։ Նշվում է, որ դրանցից երկուսն արձանագրվել են Շվեդիայի բացառիկ տնտեսական գոտում։ Թե՛ եվրոպական, թե՛ ռուսական կողմը որպես արտահոսքի հնարավոր պատճառ նշում են դիվերսիան։
Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի համար Ռուսաստանին մեղադրելն անհեթեթություն է, քանի որ ռուսական կողմն էլ է տուժել՝ զրկվելով Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունից: Կրեմլի խոսնակը կոչ է արել սպասել ուսումնասիրությունների արդյունքներին:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հիշեցրել է, որ 2022 թվականի փետրվարի 7-ին Ջո Բայդենը սպառնացել է ոչնչացնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։ Զախարովան պատահարի համար մեղադրել է Վաշինգտոնին:
Սպիտակ տունը հերքել է ռուսական կողմի մեղադրանքները.
«Բայդենն ընդամենը ասել է, որ խողովակաշարը չի շահագործվի, և այդ հարցով Վաշինգտոնը քննարկումներ կանցկացնի Գերմանիայի հետ: Եվ նա ճիշտ էր: Բեռլինը փետրվարին նախագիծը սառեցնելու քայլ արեց»,- նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, շեշտել՝ ԱՄՆ-ը դիվերսիա չի իրականացրել և հանդես է գալիս համապատասխան հետաքննության անցկացման օգտին:
Դանիայի էներգետիկ գործակալությունը մտահոգություն է հայտնել, որ արտահոսքի պատճառով «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերում գազը կարող է սպառվել մինչև շաբաթվա վերջ։ Նշվում է, որ այս միջադեպը կարող է ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական աղետի հետևանք դառնալ։ Մթնոլորտ է արտանետվել արդեն մոտ 300 հազար տոննա մեթան։