ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում անդրադարձել է սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման թեմաները: Դրանք առնչվում են ապաշրջափակման, դելիմիտացիայի, սահմանային անվտանգության, ինչպես նաև այլ հարցերի հետ, որոնք տարածաշրջանին բերում են կայունություն և խաղաղություն»,- տեղեկացրել է Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգ, որոնք են մարդասիրական, ապաշրջափակման, դելիմիտացիայի ու դեմարկացիայի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը:
«Այս ուղղություններով հստակություն ենք փորձել մտցնել, թե ինչպես ենք առաջ շարժվում, և այս ամենի հետ փոխկապակցված կա խաղաղության պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այս թեմաների շուրջ է եղել կոնկրետությունը, թե ինչպես ենք առաջ շարժվում»,- հայտնել է ԱԽ քարտուղարը:
Նա մատնանշել է երկու հիմնական գործոններ, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել դադարեցնել կրակը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին ռազմական վերջին բախումների ժամանակ:
«Պետքարտուղար Բլինքենի անձանբ ներգրավումը, որը մի քանի զանգ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև այլ մակարդակներում ԱՄՆ ինտենսիվ ներգրավվածությունը փորձել են դադարեցնել էսկալացիան: Այս առումով այս երկու գործոնն են կարևոր դեր խաղացել, այսինքն՝ հայկական բանակի պատասխանը և ամերիկյան կողմի ներգրավվածությունը»,- ասել է Գրիգորյանը:
Արմեն Գրիգորյանը շեշտել է՝ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում դրական ազդեցություն է ունենում և իր հետ բերում անվտանգության հավելյալ երաշխիքներ: