Սեպտեմբերի 29-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև:
Հայկական պատվիրակությունը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, չեխականը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ էվա Դվորժակովան:
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին առնչվող լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և այն պահպանելու անհրաժեշտությունը։
Անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին ԵՄ-ում չեխական նախագահության համատեքստում։
Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։
Արա Մարգարյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած վերջին ագրեսիան՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը՝ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունների դատապարտման ուղղությամբ: