Կութից՝ 500 մետր, Սոթքից՝ 3,5 կմ հեռավորության վրա են Ադրբեջանի զորքերը Հայաստանի սուվերեն տարածքում, սահմանից մի քանի կիլոմետր այս կողմ՝ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին շրջայցի ընթացքում ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետը: Շրջայցը կազմակերպել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ ներկայացնելու Ադրբեջանի ագրեսիվ հարձակման հետևանքները՝ թիրախավորված դպրոց, գազատար, բնակելի տներ, բուժկետ, համայնքապետարան, անասնագոմեր:
Անն Լույո (ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Նման այց կազմակերպելը շատ օգտակար է: Միջազգային հանրությունը հենց տեղում տեսնում է՝ ինչ է կատարվում իրականում: Մենք բոլորս այս ամենը ներկայացնելու ենք նաև մեր երկրներում, որպեսզի այնտեղ կարողանան հստակեցնել իրենց դիրքորոշումը:
Սերգեյ Կոպիրկին (ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան) - Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս:
Անդրեա Վիկտորին (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար) - Ես տեսել եմ քանդված շենքեր, սա, իհարկե, շոկային է: Տեսա նաև լուսանկարներ և տեսանյութ, և դրանք պետք է հետաքննվեն միջազգային դատարանում: Անհայտ կորածների և գերիների խնդրով մենք նույնպես զբաղվում ենք, այդ հարցում մեր կարևոր գործընկերն ԱՄՆ-ն է: Մենք չենք հանձնվելու, քանի որ մարդասիրական այդ քայլերը պետք է կատարել:
Հեղինակ` Իրինա Մկրտչյան