2023-ԻՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ ԲՈԼՈՐ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ
Գործադիրը հաստատեց 2023-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը: Պաշտպանություն, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովվածություն. այս և մյուս ոլորտներում գալիք տարի ֆինանսավորման ավելացում կլինի: Փաստաթղթով բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 301 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 590 միլիարդ՝ զեկուցեց ոլորտային նախարարը, նկատեց՝ նախագծի կազմելը համընկավ տարածաշրջանային մարտահրավերների, միջազգային տնտեսական միջավայրի անկայունության, համաշխարհային առևտրի տեմպի դանդաղման հետ: Խաչատրյանը, սակայն, լավատես է, ընթացիկ արդյունքները, տնտեսական աճի բարձր տեմպերը թույլ կտան իրագործել 23-ի համար նախանշված ծրագրերը՝ ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնել պետբյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը:
Առանձնացնելով հարկաբյուջետային քաղաքականությունը՝ նախարարը նկատեց՝ 22-ի 8 ամսվա տնտեսական ակտիվությունն արդեն 13.9 տոկոս է կազմել, գերակատարվել է հարկային եկամուտերի պլանը: 2023-ի համար էլ նպատակադրումը 2 տրիլիոն 204 մլրդ դրամ է, ինչն այս տարվա սպասվող ցուցանիշը կգերազանցի 280 մլրդով:
Պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2022-ի վերջում ցածր կլինի 53 տոկոսից, 23-ի համար 50 տոկոսանոց շեմն է թիրախավորվել՝ ասաց նախարարը, վարչապետն էլ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի տոկոսային էական նվազումը պայմանավորեց դրամի արժևորմամբ, նկատեց.
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս տարի երկնիշ տնտեսական աճ ենք սպասվում: Եթե այս տարվա մեր պլանները կատարվեն, մենք նույնիսկ չենք բացառում, որ կունենանք տնտեսական աճի այնպիսի ցուցանիշ, որով կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի ճգնաժամային ճեղքը կարող ենք հաղթահարված համարել և արդեն անցնել բնականոն տնտեսական աճի ռեժիմի: Բայց պետք է արձանագրենք, որ 2023 թվականի 7 տոկոս տնտեսական աճի ապահովումը մեծապես կախված է կապիտալ ծախսերի իրականացման որակից:
Կապիտալ ծախսերի իրականացման տեմպից վարչապետը դժգոհ է, ասաց՝ խրոնիկ թերակատարում ունենք, մասնավոր հատվածի կարողությունները չեն բավարարում: Չնայած սրան՝ 23-ի բյուջեի նախագծով կաճեն անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղվող կապիտալ ծախսերը. 557 մլրդ դրամ՝ 200-ով ավելի, քան այս տարի: Առողջապահությանն ավելի քան 146 մլրդ դրամ կհատկացվի, ինչը 22 տոկոսով ավելի է 2022-ի բյուջեից: Հաջորդ տարի կբարձրանան նաև կենսաթոշակները. այս ֆոնդին 25 մլրդ դրամով ավելի գումար է տրամադրվելու: Վարչապետը հիշեցրեց՝ ի սկզբանե նախատեսված երկու բարձրացումից առաջինն արվեց այս սեպտեմբերից, մյուսը կլինի հաջորդ հուլիսին, դրան գումարած՝ ամիսեամիս աճում են կեսաթոշակների ու նպաստների հետվճարումները:
Բյուջեով լրացուցիչ 21 միլիարդ դրամ էլ կուղղվի հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացման համար: Կաճի բազային աշխատավարձը, բայց կնվազի պարգևավճարների ու հավելավճարների ֆոնդը՝ նշեց գլխավոր ֆինանսիստը: Մեկ այլ փոփոխության մասին էլ ազդարարեց՝ հունվարի 1-ից կբարձրանա նվազագույն աշխատավարձը:
Տիգրան Խաչատրյան - Այն նախատեսում է նվազագույն աշխատավարձը ներկայիս ներկայումս սահմանված 68 հազար դրամից ավելացնել ու սահմանել 75 հազար դրամ:
2023-ը բյուջետային ավելացում կբերի նաև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում: Այստեղ 250 մլրդ դրամ կուղղվի: Գիտության ֆինանսավորումը կգերազանցի 36 մլրդը, իսկ բուն կրթությանը կհատկացվի 208 մլրդ: Խաչատրյանի խոսքով՝ դա թույլ կտա շարունակել հանրակրթության բարեփոխումները և բարձրացնել ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը: Վարչապետն էլ շեշտեց՝ այդ համակարգը պետք է դառնա օրինակելի բոլոր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյան - Առաջիկայում մենք ոստիկանության ոլորոտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու, և ներքին գործերի նախարարություն է ստեղծվելու: Մեր ընկալումն այն է ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատավարձերը պետք է էականորեն բարձրանան, բայց որակի հավաստագրում ունենանք: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ կրկնակի ավել աշխատավարձը, որ վճարվում է, մենք աշխատողից կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք: Սա շատ կարևոր է, և սա կմեծացնի մարդկանց մոտիվացիան, նաև պետության ու հանրության վստահությունը:
Նախագիծը հաստատվեց՝ ուղարկվեց խորհրդարան:
ՓՈՓՈԽՎԵՑ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԿԱՐԳԻ ՇՆՈՐՀՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Կրթության բարեփոխումներին վերաբերող մյուս փաթեթով էլ վերանայվեց, փոփոխվեց ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացը: Ոլորտի փոխնախարարը պնդեց՝ 2012-ից գործող համակարգն արդյունավետ չի եղել: Նորով 4 կարգ կլինի՝ ավագ, հմուտ, վերապատրաստող ու հետազոտող: Դրանք փոխկապակցված կլինեն պետության կողմից ուսուցչին ներկայացվող ստանդարտներին ու հնարավորություն կտան աշխատավարձի հավելյալ բարձրացման:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ) - Ուսուցիչը հնարավորություն կստանա, ի լրումն գործող համակարգերի, 10-50 տոկոս հավեավճար ստանալ 5 տարի ժամկետով: Ժամկետը դրվել է, որովհետև կարևոր ենք համարում, որ ուսուցիչն անընդհատ շարունակի իր վրա աշխատել, որակ ապահովվի:
Եթե ատեստավորմամբ ստուգվում են ուսուցչի գիտելիքները, ապա տարակարգով գնահատվելու է, թե ինչպես է նա իմացածը դասավանդում, ու որքանով է դա արդյունավետ՝ հստակեցրեց վարչապետը: Կարևորելով բարեփոխումը՝ Փաշինյանը նորից շեշտեց՝ ուսուցիչ ասելով պետք է հասկանալ որակ ու ոլորտը գրավիչ դարձնել նոր կադրերի համար:
Նիկոլ Փաշինյան - Ավարտական դասարանում սովորող աշակերտը պետք է իմանա, որ ինքը էսօր ունի նաև այդ ընտրությունը, որ ինքը դառնա ուսուցիչ ու կանխատեսելի իմանա՝ ինքը ինչ աշխատավարձ կարող է ստանալ: 450 հազար դրամը մեկնարկն է, 5 տարի հետո մենք պետք է հասնենք, կրկնապատենք, էն մյուս հինգ տարի հետո էլ պետք է եռապատկենք:
23-ի բյուջեով լրացուցիչ հավելավճար կստանան գյուղական համայնքների մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները: Անդրեասյանը բացատրեց՝ սա նպատակ ունի կանխելու խտրական մոտեցումը, որ օբյեկտիվ պատճառներից ելնելով՝ կես դրույքից քիչ աշխատող մանկավարժը զրկված չլինի լիաժեք օգտվելու ընդհանուր արտոնություններից: Լրացուցիչ խթանող գործիք կներդնեն նաև ինֆորմատիկայի ու բնագիտական առարկաների մանկավարժների համար, որոնց պակասը համակարգում ամենամեծն է:
3 ՄԼՐԴ ԴՐԱՄ՝ 4 ՃԱՆԱՊԱՐՀԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Զեկուցվող վերջին հարցով էլ 3 միլիարդ դրամ հատկացվեց չորս ճանապարհի շինարարությանը: Առաջինը Տաթև-Աղվանի 3 կտորներից մեկն է՝ ասաց նախարար Սանոսյանը, երրորդ շերտ ասֆալտը պետք է արվի, որ այն ծառայի նաև բեռնատարներին:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - 13 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտել հոկտեմբերին: Մյուսը Տաթև-Աղվանի-Վերին Խոտանան գյուղի հատվածն է, որտեղ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում, մենք հիմա մրցույթն ավարտել ենք, հաղթող ունենք, 11 կմ է ճանապարհը, գումար ենք հատկացնում:
Քաջարան-Մեղրի 8.2 կմ հատվածի հիմնանորոգումն էլ կավարտվի այս տարի:
Վերջինը Տավուշում 1.7 կմ-անոց «Քոլագիրի ճամբար» կոչվող հատվածն է՝ զեկուցեց նա: Վարչապետը հետաքրքրվեց՝ Տաթև-Լծենից, նախարարը նկատեց՝ խնդիրներ կան ժամկետների մեջ տեղավորվելու հարցում, բայց եթե եղանակային պայմանները ներեն, մեկ այլ՝ Կոռնիձորի ճանապարհը նախատեսվածից շուտ կվերջացնեն: