2023 թվականին հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ՝ այս տարվա համար սպասվող ցուցանիշը գերազանցելով 280 մլրդ դրամով, իսկ տարվա համար նախապես ծրագրված ցուցանիշը՝ 360 մլրդ դրամով: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նա նշեց, որ մակրոտնտեսական կայությունը երաշխավորելու նպատակով շարունակելու է առանցքային նշանակություն ունենալ պետական պարտքի հուսալի կառավարումը:
«Վերջին մակրոտնտեսական զարգացումները և դրամի արժևորումները նպաստել են նրան, որ 2022 թվականի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Եթե 2021 թվականի արդյունքներով Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60.3 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով այն կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով Կառավարության պարտքն ավելի կառավարելի և անվտանգ միջակայքում կայունացնելու կարևորությունը՝ նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց, որ 2023 թվականի ընթացքում նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին Կառավարության պարտքի հանրագումարը կլինի ՀՆԱ-ի 50 տոկոսի սահմաններում:
«Դրանից ելնելով՝ ծրագրում ենք, որ 2023 թվականի ընթացքում Պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 3.1 տոկոսը: Սեփական եկամուտների և ներգրավվող միջոցների հաշվին ֆինանասավորելու արդյունքում 2023 թվականի ծախսերի հանրագումարը կկազմի 2 տրիլիոն 590 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 27.8 տոկոսը: Այն 2022 թվականի պետական բյուջեով հաստատված ծախսերը կգերազանցի 18.3 տոկոսով: Դա թույլ կտա ավելացնել անվտանգային և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը բոլոր սահմանված ուղղություններով: Զգալի ֆինանսական ավելացումներ կկատարվեն տնտեսական և սոցիալական աջակցության ծրագրերին»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: