Ներկա տնտեսական զարգացումները հուշում են, որ 2022 թվականը կամփոփենք 11-12 տոկոս տնտեսական աճով: Այդ մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Այս փաստն ինքնին շատ դրական է, բայց գալիք տարվա 7 տոկոս տնտեսական աճն ապահովելու նպատակով պահանջվում է նաև, որ արագացնենք այն բարեփոխումները, որոնք պետք է բարելավեն տնտեսության մասնավոր հատվածի պայմանները, ինչպես նաև բարձրացնենք պետական բյուջեով ֆինանսավորվող տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Նշվածից ելնելով՝ 2023 թվականի բյուջեի նախագծում ներառված տնտեսական, ենթակառուցվածքային, կրթական և սոցիալական քաղաքականության իրականացման միջոցառումներն ընտրվել են այնպես, որ առկա ֆինանսական սահմանափակումների պայմաններում լավագույն պայմաններ ստեղծվեն 2023 թվականին Կառավարության ծրագրով սահմանված տնտեսական աճի թիրախին հասնելու համար»,- ասաց նախարարը:
Նա նշեց՝ կանխատեսվում է, որ 2022 թվականի արդյունքներով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը կկազմի ՀՆԱ-ի 23.2 տոկոսը:
«2023 թվականին և հաջորդ յուրաքանչյուր տարում հարկերը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է ավելանան տարեկան 0.5 տոկոսային կետով, ինչը և արտացոլված է գալիք տարվա պետական բյուջեի նախագծում»,- ասաց Տիգրան Խաչատրյանը: