Հայաստանում հաշտարարության ինստիտուտի զարգացման, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է առաջարկում «Հաշտարարության մասին» և կից մի շարք օրենքներում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում:
Ըստ հիմնական զեկուցողի` դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը կսահմանվի Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է զորավարժություններին և վարժական հավաքներին մասնակցելու դեպքում սահմանել հաշտարարի գործունեության կասեցման ժամկետ:
Նախաձեռնությամբ կատարվել են տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ:
Փոխնախարարի խոսքով` նախաձեռնությունը լրամշակվել է ԱԺ աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության եզրակացության հիման վրա:
Հարակից զեկուցող Արփինե Դավոյանը կարևորել է նախաձեռնությունը և կոչ արել տալ դրական եզրակացություն:
Լրամշակված նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: