Հանրային պաշտոն զբաղեցնողներն ու հանրային ծառայողները նվերներ ստանալու սահմանափակումները խախտելու դեպքում հնարավոր է ենթարկվեն վարչական պատասխանատվության: Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության հեղինակած օրինագիծը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը:
Երանուհի Թումանյանց (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանվել է նվերները հաշվառելու պարտականություններ նվերների ռեեստրում:
Օրինագծով առաջարկվում է ընդլայնել գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը՝ ներառել պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության ստեղծած հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարներին: Կընդլայնվի նաև փոխկապակցված անձանց շրջանակը:
Երանուհի Թումանյանց - Ներառելով ոչ միայն ազգակցական կապերով կապված անձանց, այլ նաև ոչ ազգակցական, սերտ անձնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց, ինչպես նաև առևտրային իրավաբանական անձանց:
Փոխնախարարի ներկայացրած մեկ այլ օրինագծով էլ կսահմանվի Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնողներին յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը:
Երանուհի Թումանյանց - Ներկայիս կարգավորումների պարագայում, ի տարբերություն այլ մարմինների, ծառայություն իրականացնող մարմիններում, օրինակ՝ Քննչական ծառայությունում և այլն, Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց համար աշխատանքային կամ ծառայության ստաժի հաշվարկման որևէ մեխանիզմ նախատեսված չէ, և ո՛չ հավելավճար, ո՛չ համապատասխան տարիների կտրվածքով գործակիցների աճ չեն տեղի ունենում:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկված բոլոր նախագծերին տվեց միաձայն դրական եզրակացություն:
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվող թեման քաղաքաշինության ոլորտից էր: Հայաստանում 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածության առնվազն 600 բազմաբնակարան շենք կա՝ հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում հանրապետության մոտ 19000 բազմաբնակարան շենքերի 3.2%-ը: Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևան քաղաքին, Լոռու և Շիրակի մարզերին, համապատասխանաբար՝ 120, 149 և 123 բազմաբնակարան շենքեր:
Քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն կա, որից մոտ 1000-ն այդպիսին են դարձել բնական աղետների հետևանքով: Քաղաքաշինության կոմիտեն մշակել է այդպիսի շինությունների ապագայի վերաբերյալ հայեցակարգը:
Բնակֆոնդի հիմնախնդրի կարգավորման հստակ մեխանիզմներ սահմանելու նպատակով առաջարկվում է լիազորող նորմեր սահմանել Կառավարության համար:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան