Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր այցելել է Ամասիա խոշորացված համայնք, համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի ուղեկցությամբ պատասխանատուները հետևել են Ամասիա համայնքում, մասնավորապես, Ամասիա, Բերդաշեն, Աղվորիկ, Արդենիս բնակավայրերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, անդրադարձել արձանագրված թերացումներին և դրանց անհապաղ վերացմանը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Մեր պարբերական շրջայցերի նպատակը կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունն է, պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը։ Ցավոք, շատ տեղերում մենք տեսնում ենք, որ ակնհայտ վատնում է իրականացվել, յուրաքանչյուր նման խնդիր անդրադառնալու է մեր հաշվետվություններում, նաև համապատասխան գրությամբ դիմելու ենք ՀՀ Կառավարությանը, որպեսզի այս խնդիրները արձանագրվեն։
Խոսքս հատկապես 2021-ից 2022 թվական փոխադրված ծրագրերին է վերաբերում, պետք է արձանագրենք, որ այս պահի դրությամբ բոլոր ծրագրերը թերի կատարված են, դրանցից առաջինը վերաբերում է ջրագծերի խնդրին։
Աշխատանքները կատարել է «Վեդի պլաստ» ընկերությունը, և մարզպետարանը բազմիցս այստեղ արձանագրել է խնդիրներ։ Նման ծրագրերի դեպքում մարզպետարանը որևէ վճարում չի իրականացնելու։ Այս ծրագրերի ամբողջական փաթեթը գտնվում է իրավապահ մարմիններում»,- նշել է Շիրակի մարզպետը՝ անդրադառնալով Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգում և Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ գյուղական համայնքների ջրագծի կառուցում սուբվենցիոն ծրագրերում արձանագրված թերացումներին։
Այցի ընթացքում դիտարկվել է ինչպես 2021-ից 2022 տեղափոխված, այնպես էլ 2022-ին մեկնարկած և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մարզպետը նշել է, որ պատասխանատուները պետք է գործադրեն ամեն ջանք թերացումները լիարժեք վերացնելու, աշխատանքներում և փաստաթղթերում սխալները բացառելու նպատակով․ «Շինարարի պարագայում մենք ասել ենք, որ համաձայնության գա համայնքի ղեկավարի հետ, և իրականացնեն շտկումները։ Պետք է ուսումնասիրենք, թե նախորդ փուլում ինչպիսի գործընթաց է եղել։ Նախորդ տարվա ծրագրերից Աղվորիկ, Արդենիս և Զարիշատ բնակավայրերի մշակույթի տներն են այն հատվածները, որոնք վերանորոգվել են։ Այցելության ընթացքում արձանագրել եմ, որ խայտառակ աշխատանք է, և չի վճարվի շինարարը, եթե չշտկի ակնհայտ բոլոր թերությունները»։
Ուզում եմ վստահեցնել համայնքի բնակիչներին, որ այն բոլոր դեպքերում, երբ պետությունը կարձանագրի թերացում՝ կլինի համայնքի ղեկավարի կողմից, կլինի շինարարի կողմից, պետք է սեղմ ժամկետներում վերացվեն»։
Ի տարբերություն 2021-ին իրականացված աշխատանքների, 2022-ին մեկնարկած սուբվենցիոն երկու ծրագրերի ընթացքը պատասխանատուները դրական են գնահատել։ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում ընթացքի մեջ է փողոցային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագիրը, որով Բերդաշեն բնակավայրում տեղադրվել է 38 հենասյուն, Գառնառիճ բնակավայրում՝ 21 հենասյուն։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 17 մլն 285 հազար դրամ (59 հենասյուն, 177կմ), կառավարությունը տրամադրում է գումարի 60 տոկոսը։
Ամասիա բնակավայրի 2-րդ փողոցից մինչև 24 փողոցն ընկած հատվածի ասֆալտապատման աշխատանքների սուբվենցիոն ծրագրի 2022-ի համար նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ծրագրի արժեքը երկու տարվա համար կազմում է 162 մլն 423 հազար դրամ, առաջին տարվա գումարը կազմել է 72 մլն 627 հազար դրամ (450 մ), որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։