Գնահատման և թեստավորման կենտրոնը ստացել է բուհերի հեռակա ուսուցման համակարգի ընդունելության քննությունների մասնակցության 3800 հայտ: Դիմորդների մի մասին բուհերն արդեն ընդունել են: Նման իրավունք այս տարի պահպանել էին լիցենզիոն տեղերի 20 տոկոսի չափով: Պայմանն էր, որ պետք է նախապատրաստական դասընթացներ ու ավարտական քննություններ կազմակերպեին, որոնց արդյունքներն էլ ընդունելության հիմք դառնային: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն օգտվել է հնարավորությունից:
Գրիգոր Նազարյան (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) - Հայտագրվեցին 138 դիմորդներ: Փաստացի նախապատրաստական դասընթացների ավարտական քննությունների արդյունքներով ՀՊՏՀ ընդունվեց 108 դիմորդ:
Այս փուլում 20 տոկոս տեղերը չեն լրացվել:
20 տոկոսը մեր բուհի համար 131 տեղ էր, այս պահի դրությամբ դեռևս թերհամալրված է, որոնք որ հնարավորություն ունեն մրցութային կարգով զբաղեցնելու արդեն ԳԹԿ-ի կազմակերպած քննությունների արդյունքներով:
Այստեղ հեռակա բակալավրիատի դիմորդների ընդհանուր թիվը 520 է: Տնտեսագիտականն այդ առումով առաջատար է: ԳԹԿ-ն իր բաժին քննությունները կանցկացնի հոկտեմբերի 20-27-ը Երևանում ու մարզերում: Թեստերը կլինեն առկա ուսուցման միասնական քննությունների նման:
Կարո Նասիբյան (Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ) - Նույն ձևի՝ 80 առաջադրանք, 20 միավորանոց համակարգ, դրական համարվում է 30-ը, 7.5 միավորը: Նույն արտոնությունները, ինչ ունեցել են առկա ուսուցման դիմորդները, օրինակ՝ մարտական գործողություններին մասնակցած դիմորդներն արտոնություն ունեն և, դրական նիշը հաղթահարելով, մրցույթից դուրս ընդունվում են իրենց նախանշած մասնագիտությամբ սովորելու համար:
Հեռակա ընդունելության ներկայիս կարգը, երբ բուհերը 20 տոկոսի չափով ընդունելություն են անում, գործում է միայն այս տարի՝ որպես անցումային տարբերակ: Հաջորդ տարվանից հեռակայի բոլոր դիմորդներն ընդունվելու են նույն չափանիշներով: Քննարկվում է հետագայում ներառել նաև ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների դիմորդներին:
Առկա ուսուցման միասնական քննությունների մրցույթից դուրս մնացած դիմորդները իրենց միավորները պահպանել են և կարող են դիմել հեռակա բաժիններ: Կարող են նաև նոր քննություն հանձնել և ընտրել ավելի բարձր միավորը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան