«Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում նոր կարգավորումների ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում՝ տեղեկանում ենք ԱԺ կայքից: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Նախաձեռնությամբ առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՕ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:
Նաև կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ իրականացվող փոփոխությունները մշակվել և համաձայնեցվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ:
Պատգամավորների դիտարկմամբ՝ փաթեթում հստակ ձևակերպված չեն որոշ սահմանումներ:
Նախաձեռնությունը կարևոր է կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և անհրաժեշտ՝ միջազգային պարտավորությունները կատարելու տեսանկյունից, սակայն այն նաև պետք է լինի իրատեսական. նման կարծիք է հայտնել հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
«Մեր միջազգային գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ-ն փորձում է ժողովրդավարական արժեքներ սերմանել մեր երկրում: Դրա հետ զուգահեռ պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունն ամենաթողություն չէ, և այն չի կարող հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ ֆորմալ խախտումները հիմք կդառնան բարեխիղճ պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովում քննարկված հարցը ստացել է դրական եզրակացություն՝ նախաձեռնության վերաբերյալ աշխատանքային քննարկումները շարունակելու պայմանով: