Հարավային Կովկասում Ֆրանսիայի հատուկ բանագնաց Բրիս Ռոքֆեյը մինչև շաբաթվա վերջ կայցելի Ադրբեջան և Հայաստան՝ աջակցելու կողմերի միջև առկա խնդիրների լուծմանը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ֆրանսիան, ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, «կշարունակի աջակցել բանակցությունների միջոցով բոլոր հարցերի լուծումների որոնմանը»։
Երկուշաբթի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Մակրոնը երկու կողմերին էլ վստահեցրել է Փարիզի պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր չլուծված խնդիրների կարգավորմանն ուղղված բանակցություններին։
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն իր Թվիթերում հայտնել էր, որ Փարիզը պատվիրակություն է ուղարկելու Հայաստան՝ գնահատելու իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանային գոտում։
Ֆրանսիայի ԱԳՆ աղբյուրը նշել է, որ Ռոքֆեյն այցի շրջանակում կլինի նաև Թբիլիսիում՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը և Վրաստան-ԵՄ կապերի ամրապնդման հեռանկարը: