Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ զրույցը հաջորդել է սեպտեմբերի 26-ին Ելիսեյան պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպմանը և տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին զարգացումները:
Ֆրանսիայի նախագահն ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում կրկնել է իր կոչը` պահպանել հրադադարի ռեժիմը և զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր։ Նա հիշեցրել է Ալիևին Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։
Մակրոնն Ալիևին տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետը պատրաստ է բանակցություններ վարելու չկարգավորված բոլոր հարցերի շուրջ, իսկ Ֆրանսիան պատրաստ է աջակցելու այդ բանակցություններին:
ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում ամփոփվել են Ռուսաստանին միանալու հարցով սեպտեմբերի 23-ին մեկնարկած հանրաքվեների արդյունքները: Ըստ պաշտոնական տեղեկության՝ շրջանների բնակիչների մեծ մասը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին։ Այժմ տեղական իշխանությունները սպասում են Վլադիմիր Պուտինի կողմից արդյունքների հաստատմանը:
Շրջանների կենտրոնական ընտրական հանձնաժողովների տվյալով՝ պատկերը հետևյալն է. Զապորոժիեում Ռուսաստանին միանալուն կողմ է արտահայտվել բնակիչների 93,11%-ը, Լուգանսկում՝ 98,42%-ը, Դոնեցկում՝ 99,23%-ը, Խերսոնում՝ 87%-ը։
ՌԴ-Ն ՉԻ ՍՏԻՊԻ ԿԻԵՎԻՆ ՓՈԽԵԼ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ. ԶԵԼԵՆՍԿԻ
Կիևն արձագանքել է Դոնեցկում, Լուգանսկում, Խերսոնում և Զապորոժիեում անցկացված հանրաքվեներին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին առցանց ելույթի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել միջազգային հանրությանը զրկել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մշտական անդամակցությունից, հեռացնել միջազգային բոլոր կազմակերպություններից։
«Ամբողջ աշխարհի աչքի առաջ Ռուսաստանը Ուկրաինայի օկուպացված տարածքներում այսպես կոչված «հանրաքվեներ» է անցկացնում։ Ինչո՞ւ։ Նպատակն այդ տարածքների բռնակցումն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում»,- ընդգծել է նախագահը։ Նա հավելել է՝ Ռուսաստանի գործողությունները չեն ստիպի Կիևին փոխել իր մարտավարությունը:
Մի շարք կառույցներ և երկրներ նույնպես հանդես են եկել դատապարտող հայտարարություններով.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ՝ հանրաքվեները չեն կարող համարվել այդ տարածքների ժողովրդի կամքի անկեղծ արտահայտում:
Եվրոպական խորհրդի նախագահ՝ կեղծ հանրաքվե, կեղծ արդյունքներ։ ԵՄ-ն չի ճանաչում քվեարկության արդյունքները:
Գերմանիայի կանցլեր՝ Բեռլինը կշարունակի աջակցել Ուկրաինային:
Կանադայի վարչապետ՝ Օտտավան նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ։
Տոկիոյի Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ հանրաքվեները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը:
Ուկրաինայում Իսրայելի դեսպան՝ պաշտպանում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, չենք ճանաչում հանրաքվեների արդյունքները:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՆԿԵՐ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ «ՄԻՐ» ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են՝ պետական մի շարք բանկեր հրաժարվել են ռուսական «Միր» վճարային համակարգից։ Պաշտոնական հայտարարություն դեռևս չկա:
Թուրքական մասնավոր բանկերն ավելի վաղ հայտարարել էին, որ այլևս «Միր» քարտեր չեն սպասարկի: Պատճառը ռուսական վճարային համակարգի օգտագործման համար պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ ֆինանսների նախարարության մտադրությունն է:
Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Թուրքիայի իշխանությունները մոտ օրերս կհայտնեն վճարային նոր համակարգի ներդրման մանրամասները, որը կկիրառվի որպես այլընտրանք ռուսական «Միր» համակարգին։