Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ ստեղծված ծանր իրավիճակում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է համատեղ որոշում կայացնեն ու հնարավոր լուծումներից ընտրեն ամենաքիչ ցավոտը: Կոնսոլիդացիան ժողովրդին հաղթանակի մղելու համար է՝ պնդում է երկրորդ նախագահը, ասում՝ կապիտուլյացիայի համար համախմբման կարիք չկա:
Քոչարյանն այսօր չգաղտնազերծեց, թե ինչ առաջարկով էր ինքը գնացել Էջմիածին, որտեղ անցած շաբաթ Վեհափառի նախաձեռնությամբ հանդիպել էին Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները: Կարճ ասաց՝ միասնական համաձայնություն եղել է միայն իրավիճակի գնահատման հարցում, իսկ դրանից ելքեր փնտրելու գործում ընդհանուր հայտարարի չեն եկել:
Ռոբերտ Քոչարյան (ՀՀ երկրորդ նախագահ) - Ճգնաժամերից երկիրը դուրս է հանում ոչ թե վեհափառը, նախկին նախագահները, որոնք այսօր լծակներ չունեն, այլ իշխանությունը, և եթե մեզ հետ եք հույս կապում` այս ֆորմատի հետ, ուրեմն` դրա ածանցյալ հույսը հետևյալն է, այս ֆորմատը պետք է փոխի իշխանությունը և իշխանությունը փոխելով տա հարցի լուծումներ:
Կառավարող ուժին փոխելու համար հանրային մեծ ճնշում ապահովելու հնարավորություն ընդդիմությունը այս պահին չունի՝ իրավիճակը գնահատեց Քոչարյանը, հիշեցրեց, որ պայքարել է, փորձել գլխավորել «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը, բայց չի ստացվել: Կարծում է՝ այսօր ամենից հավանականը մասնակի իշխանափոխությունն է՝ խորհրդարանում, վարչապետի փոփոխությամբ:
Ռոբերտ Քոչարյան - Բոլորս հասկանում ենք` ոչ Իշխան Սաղաթելյանին կընտրեն, ոչ ինձ կընտրեն, ոչ էլ, այսպես ասած, ռադիկալ ընդդիմությունից որևէ մեկին, մինչև չլինի հանրային հսկայական ճնշում: Սա նշանակում է, որ մենք գիտակցում ենք, որ պետք է բանակցողի փոփոխություն, պետք է նաև մի մարդու փոփոխություն, որը բաժանեց բոլորին, պետք է, մարդ կա, որը կմիավորի, այդ հանրային կոնսոլիդացիային ընդունակ իր տեսակով, բայց այդ նախաձեռնությունը պետք է գա իրականում ոչ թե մեզանից, այլ քաղաքական մեծամասնությունից, եթե իրենք գիտակցում են այս վիճակի բարդությունը:
Սեպտեմբերի 13-ի էսկալացիան, Քոչարյանի գնահատմամբ, վկայում է՝ երկիրն անվտանգային խոր ճգնաժամի մեջ է: Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդի կարծիքով՝ իշխանությունը տարվել է խաղաղության դարաշրջան բացելու թեզով ու անտեսել է բազմաթիվ հարցեր: Կառավարող ուժին մեղադրելով հերթական ձախողման մեջ` երկրորդ նախագահը պնդեց՝ պետք է վերանայել ընտրված ուղեգիծը:
Ռոբերտ Քոչարյան - ՄԱԿ-ում վարչապետի ելույթը խաղաղության դարաշրջանի հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված:
Չես ունենա խաղաղություն, եթե չունենաս մարտունակ բանակ, շեշտեց նախկին նախագահը, իշխանությանը մեղադրեց 44-օրյա պատերազմից դասեր չքաղելու, երկու տարում ամուր բնագծեր չկառուցելու համար: Նրա գնահատմամբ՝ մեր երկրի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում իշխանությանը չի հաջողվում անգամ ներգրավել պայմանագրային պարտավորություններ ունեցող գործընկեր պետությունների: Չնայած սրան` ՀԱՊԿ-ից դուրս գալը հիմարություն է համարում:
Իշխանության հասցեին ուղղված մեղադրանքները նաև Ղարաբաղի հարցով են: Արցախի ապագայի բանալին, Քոչարյանի համոզմամբ, Արցախի ժողովրդի ձեռքում է, ինչպես 1992 էր: Խնդիրներից խոսեց, եզրափակեց՝ իշխանափոխության թեզով «Դիմադրություն» շարժման աճի նոր կետեր են մշակում: Հիմա, ըստ նրա, չեն ուզում հիասթափության նոր ալիք առաջացնել, հետևաբար պետք է կա՛մ նոր ուժեր, նոր մարդիկ ներգրավեն, կա՛մ չանեն քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության: