Թբիլիսիում Բելառուսի դեսպան Անատոլի Լիսին կանչել են Վրաստանի ԱԳՆ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Աբխազիա կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է վրացական «Իմեդի» հեռուստաալիքը՝ երկրի ԱԳՆ-ին հղումով։
Վրաստանի ԱԳՆ-ն ծրագրում է այդ պատճառով նոտա հղել բելառուս դիվանագետին, սակայն նախարարությունը դեռ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել:
ՏԱՍՍ-ից տեղեկանում ենք, որ նախագահ Լուկաշենկոն չորեքշաբթի այցելել է Աբխազիա և Պիցունդայում հանդիպել նախագահ Ասլան Բժանիայի հետ: Լուկաշենկոն ասել է, որ Բելառուսը ցանկանում է լուրջ հարաբերություններ հաստատել Աբխազիայի հետ:
«Իմ ժամանումը Աբխազիա կապված չէ որևէ առանձնահատուկ իրավիճակի հետ, մենք նորմալ վիճակում ենք, աշխարհաքաղաքականությունից չենք տառապում, ձեզ պես մենք էլ խաղաղ, բարի, աշխատասեր ժողովուրդ ենք և ցանկանում ենք համերաշխ ապրել, մեր հարաբերությունների հիմքը պետք է դառնան տնտեսությունը, առևտրատնտեսական կապերը, այլ ճանապարհ չկա»,- ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահը նշել է, որ երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Աբխազիայի խնդիրները։ «Մենք շատ երկար, մինչև կեսգիշեր քննարկեցինք այդ հարցերը և եկանք եզրակացության, որ Աբխազիային չպետք է մենակ թողնել, պետք է օգնել, որպեսզի այս ծաղկող երկիրը, այստեղ ապրող մարդիկ նորմալ ապրեն»,- ասել է Լուկաշենկոն։