Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այդ մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից:
Նրա հետ Սյունիք էին այցելել նաև դեսպանության տնտեսական և քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այցի ու հատկապես սեպտեմբերի 27-ին Սյունիքում գտնվելու համար։
Դեսպանը, հիշատակելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, իր հարգանքն է փոխանցել զոհերի հիշատակին ու ցավակցությունը նրանց ընտանիքներին՝ փաստելով, որ, ցավոք, երիտասարդ տղաների կյանքեր խլեց նաև վերջին օրերի պատերազմը․․․
Ռոբերտ Ղուկասյանը, ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Սյունիք ներխուժման մանրամասները, նշել է․ «Մեզ համար շատ կարևոր է, որ այս ծանր ժամանակահատվածում մեր կողքին եք։ Տեղյակ ենք, տիկի՛ն դեսպան, թե՛ Ձեր, թե՛ ԱՄՆ դիրքորոշման մասին այս ամենի վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք։ Բայց վերջին երկօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքում, ցույց տվեց, որ թշնամին ոտնահարում է ոչ միայն մեկ այլ պետության ու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այլև հումանիտար տարրերը ու նույնիսկ շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում։
Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, ուստի ևս մեկ անգամ բոլորից խնդրում ենք ուշադրություն թշնամու վերջին գործողությունների նկատմամբ և հստակ ճնշումներ՝ դրանց կրկնությունը կանխելու համար»։
Դեսպան Թրեյսին ասել է, որ այս հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ․ «Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաև դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը և ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»։
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ գիտակցում է, թե որքան դժվար է հիմա Սյունիքի, նաև մյուս սահմանամերձ մարզերի բնակիչների համար անվտանգության զգացում ունենալ։ Այդ պատճառով էլ մարզ է այցելել գործընկերների հետ՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում ու ինչով կարող են օգնել։
Ռոբերտ Ղուկասյանը հյուրերի հետ մարզի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում առաջ եկած մի շարք խնդիրներ է քննարկել, նաև շնորհակալություն հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ նշելով, որ շարունակվող համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերը զարգացումից զատ պետք է ուղղված լինեն դժվարին իրավիճակներին դիմակայելուն։
Քանի որ տիկին Թրեյսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հանդիպման ավարտին նշել է․ «Իրավիճակը Սյունիքում, առհասարակ Հայաստանում, միշտ իմ մտքում կլինի, և եթե կա բան, որ կարող եմ անել ու օգնել այստեղ խաղաղության հաստատմանը, ապագայում ևս կանեմ, անկախ նրանից, թե որտեղ եմ»։