ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարպենտերն անցկացրել է հեռավար ասուլիս, պատատասխանել մի շարք հարցերի, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտության, Հարավային Կովկասում ստեղծված իրադրության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերին, գրում է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը: Դեսպանը, մասնավորապես, ասել է.
«Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք ներկայումս շատ ակտիվ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումներում, ինչպես նաև աջակցում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթացին»:
Ամերիկացի դիվանագետը հավելել է. «Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հարցում մեր գերակա նախապատվությունն աջակցությունն է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանում տրանսպորտային և կոմունիկացիոն միջանցքների բացումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը: Եվ, իհարկե, հիմնարար տեղ է զբաղեցնում տարածաշրջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, մարդու իրավունքների պաշտպանությունը»: