ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և նույն հանձնաժողովի անդամ Մարկո Ռուբիոն սեպտեմբերի 27-ին հանդես են եկել երկկուսակցական օրենսդրական նախաձեռնությամբ, որով դատապարտում են ադրբեջանական վերջին ագրեսիան ՀՀ նկատմամբ, կոչ անում անհապաղ դադարեցնել ամերիկյան անվտանգային աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին, պատժամիջոցներ կիրառել պատերազմական հանցագործությունների համար։
Այս մասին նշված է Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Նշված է նաև, որ բանաձևով համերաշխություն են հայտնում ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև կոչ է արվում մեծացնել Հայաստանին և Արցախին տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։
Ներկայացված բանաձևի նախագծի առիթով Ռոբերտ Մենենդեսն ասել է․
«Ադրբեջանի վերսկսած հարձակումը հայկական տարածքների վրա և քաղաքացիական ենթակառուցվածքների կոպիտ թիրախավորումը մարդկային կյանքի հանդեպ արհամարհանքի սարսափելի ցուցադրություն է։ Միացյալ Նահանգները պետք է աջակցության խոսքերը որոշակիացնի Հայաստանի ժողովրդի համար արվող գործողություններով: Այս բանաձևով մենք հասկացնում ենք, որ ԱՄՆ կառավարության համար ազգային անվտանգության հրամայական է անել ճիշտը և մեկընդմիշտ դադարեցնել անվտանգության ապահովման աջակցությունն Ադրբեջանին: Վաղուց ժամանակն է դադարեցնել անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը և պատժել Ալիևին ու նրա կոռումպացված կառավարությանը»։