Աշնանային Երևանը՝ դասական երաժշտության տեղատարափի ներքո: Երևանյան 14-րդ միջազգային փառատոնի ընթացքում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ փոխադրված ֆլեյտայի համար: Սեպտեմբերի 8-ին մեկնարկած փառատոնի շրջանակում այսօր, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես կգա շվեդ ֆլեյտահար Շառոն Բեզալին:
Շառոն Բեզալի (ֆլեյտահար) - Ես առաջին անգամ եմ Հայաստանում: Փառատոնի մասին ինձ տեղեկացրեց Ալեքսանդր Չաուշյանը, փոխանցեց նվագախմբի տվյալները: Շատ ոգևորված եմ, որ պետք է կատարեմ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը, որի վրա աշխատել են ֆլեյտահար Ժան-Պիեռ Ռամպալի հետ:
Հրավիրված է 25 մենակատար երաժիշտ, որոնք մասնակցելու են թե՛ սիմֆոնիկ, թե՛ կամերային երաժշտության համերգներին: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ Հայաստանում հյուրընկալված երաժիշտները անցկացնում են վարպետության դասեր: Առաջինը երիտասարդ երաժիշտների հետ հանդիպել է Շառոն Բեզալին:
Նարեկ Ավագյան (ՀԱՖՆ-ի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր) - Նա համաձայնեց անմիջապես օդանավակայանից գալ, որպեսզի մաստեր կլաս անցկացնի մեր երիտասարդ ֆլեյտահարների հետ, ինչի համար մենք շատ ուրախ ենք, և դա մեզ բոլորիս համար մեծ պատիվ է, քանի որ այդպիսի լուրջ մասնագետներ, այդպիսի լուրջ ֆլեյտահարներ աշխարհահռչակ շատ հազվադեպ է, որ գալիս են Հայաստան և դասընթացներ են անցկացնում:
Երկու տարվա հարկադրված ընդմիջումից հետո որոշվեց վերսկսել երևանյան միջազգային փառատոնը: Ֆիլհարմոնիկը իր 97-րդ համերգաշրջանը բացեց Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված փառատոնով:
Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի15-ի համերգը չեղարկվել է, 23-ի և 25-ի համերգները հետաձգվել են, դրանցից մեկը տեղի կունենա հունվարին, մյուսի վերաբերյալ հստակություն դեռ չկա, փառատոնի շրջանակում վեց համերգ էլ դեռ կացկացվի՝ ներառյալ այսօրվանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան