ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ ԿԵՏ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ
Ռուսական կողմը որոշում է կայացրել թույլատրել Վերին Լարս անցակետով ոտքով անցնել Վրաստանի հետ սահմանը՝ հայտնում են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ մեքենաների հոսքն ավելանում է։ Նախարարության տվյալով՝ չնայած ձեռնարկված միջոցառումներին, իրավիճակը ծայրահեղ լարված է, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար կա լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն:
«Առաջիկայում ռուս-վրացական սահմանին նաև զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ կտեղակայվի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս-վրացական սահմանը հատելու համար այժմ սպասում է 5500 ավտոմեքենա, այդ թվում՝ 3600 մարդատար և 1900 բեռնատար մեքենա:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին էլ հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը փակելու համար։
«Ռուսաստանի քաղաքացիները միշտ եկել են Վրաստան, հիմա էլ են գալիս: Ինչո՞ւ հիմա պետք է սահմանափակենք նրանց մուտքը»,- ընդգծել է նա։
Նախարարության տվյալով՝ վերջին 10 օրվա ընթացքում Վրաստան մուտք է գործել ՌԴ շուրջ 79.000 քաղաքացի, դուրս եկել՝ 62.120-ը։ Ամենամեծ հոսքը գրանցվել է վերջին 5 օրվա ընթացքում՝ օրական մոտ 10-11 հազար հոգի։
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՌԴ-ԻՆ ԿԱՐՏԱՀԱՆՁՆԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻՆ
Ղազախստանի ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովն էլ հայտարարել է, որ Աստանան կարտահանձնի ՌԴ այն քաղաքացիներին, որոնց նկատմամբ զորահավաքից խուսափելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել։
ՆԳ նախարարությունից տեղեկացնում են նաև, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստան մուտք է գործել մոտ 98 հազար ռուսաստանցի, նրանցից 64 հազարն այնուհետև լքել են հանրապետության տարածքը։
ԱՄՆ-Ը ԿԴԻՏԱՐԿԻ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը նույնպես անդրադարձել է Ռուսաստանում ընթացող մասնակի զորահավաքին, նշել՝ Վաշինգտոնը մանրակրկիտ կդիտարկի զորահավաքից խուսափող և ԱՄՆ-ում ապաստան հայցող ռուսաստանցիների դիմումները:
«Հետապնդումներից խուսափողները, անկախ ազգությունից, կարող են ապաստան խնդրել ԱՄՆ-ում»,- պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը։
ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԻԵՎՈՒՄ Է
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան աշխատանքային այցով Կիևում է։ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ Փարիզը կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և երբեք չի ճանաչի Դոնբասում, Զապորոժիեում և Խերսոնում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների արդյունքները:
Նա նշել է, որ կշարունակեն Կիևին տնտեսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնությունը նույնիսկ հակամարտության ավարտից հետո: Կոլոննան նաև քննադատել է Ռուսաստանում մասնակի զորահավաքը և միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները:
Դմիտրո Կուլեբան, իր հերթին, զգուշացրել է՝ ռուսական կողմի որոշումները որևէ ազդեցություն չեն ունենա Ուկրաինայի քաղաքականության և գործողությունների վրա:
«Ռուսաստանը չի ցանկանում բանակցել»,- շեշտել է Ուկրաինայի գլխավոր դիվանագետը:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ. ՊԵՍԿՈՎ
ՌԴ նախագահի խոսնակի պնդմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցելու Ուկրաինայի հետ:
«Իրավիճակը, սակայն, փոխվում է, փոխվում են նաև պայմանները: Ուկրաինական կողմն ամբողջությամբ հեռացել է բանակցային գծից, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- նշել է Դմիտրի Պեսկովը:
ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ
Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Ռեջեփ Էրդողանի հասցեին Բունդեսթագի փոխխոսնակ Վոլֆգանգ Կուբիկիի հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ. դրանք Անկարայում վիրավորական են համարել։
Ավելի վաղ Կուբիկին մեղադրել էր Էրդողանին փախստականների հետ կապված ճգնաժամի համար, նշել՝ Թուրքիան կարող է միտումնավոր նոր ճգնաժամ հրահրել։ Քաղաքական գործիչը քննադատել էր նաև Գերմանիայի կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ այն չպետք է կրկին բացի դռները փախստականների առաջ:
Ավելի վաղ Աթենքը մեղադրել է Անկարային հարյուրավոր միգրանտների դեպի Եվրոպա ուղղորդելու և Հունաստանի ու եվրոպական այլ երկրների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։