Կեչուտի ջրամբարի հիդրոտեխնիկական հանգույցները, ջրի բացթողնման պատվարը, ջրարգելակները բարեբախտաբար չեն վնասվել ադրբեջանական զինուժի՝ սեպտեմբերի 13-ի ռազմական լայնածավալ ագրեսիայի ժամանակ, չնայած որ թշնամու երկու արկ ընկել է ջրամբարը:
Վահագն Գևորգյան (ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ) - Քանի որ տեղեկություն ունեինք, որ արկերից մեկն ընկել է ջրամբարի մեջ, մենք ջրի նմուշներ վերցրինք և ուղարկեցինք լաբորատոր փորձաքննության: Արդյունքը շատ արագ ստացանք, փառք Աստծո, որևէ խնդիր չունենք:
Մասնագետները ջրի որակական փոփոխություն չեն նկատել: Այսօր արդեն Կեչուտի ջրամբարը շարունակում է բնականոն գործունեությունը: Վայոց ձորի այս ջրամբարը կառուցվել է 1981-ին: Այն ոռոգելի է դարձնում Վայք, Արենի, Արփա, Մալիշկա և Ագարակաձոր բնակավայրերը: Կեչուտի ջրամբարի նշանակությունն ավելին է՝ ընդգծում է ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը:
Վահագն Գևորգյան - Կեչուտի ջրամբարը «Արփա-Սևանի» հիդրոտեխնիկական կառույցի մի մասն է, որտեղ որ գտնվում է գլխային հանգույցը Արփա-Սևանի, որտեղից սկիզբ է առնում նաև Արփա-Սևանի ջրթեք թունելը: Կեչուտի ջրամբարը ամենօրյա ռեժիմով սպասարկում է իրականացնում:
Ջրի ընդհանուր ծավալը 23,5 միլիոն խոր. մետր է։ Ջրամբարը սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Տարեսկզբից «Արփա-Սևան» թունելով 158 միլիոն խոր. մետր ջուր է տեղափոխվել Սևան: Ջրային կոմիտեի ղեկավարի խոսքով՝ ջրամբարի լցվածությունը բավարար է, Կեչուտի ջրամբարի հետ կապված նորոգման, վերակառուցման աշխատանքների կարիք այս պահին չկա: Գևորգյանի խոսքով՝ առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել 15 նոր ջրամբար. 6-ը նախագծման փուլում են:
Վահագն Գևորգյան - Մյուս տարի նախատեսում ենք ևս 9 ջրամբարի կառուցում: Ջրամբարը կառուցվում է, որ Հայաստանում հոսող ջրերի արդյունավետ կառավարում իրականացվի: Ջրամբար կառուցվում է, որ Սևանի հոգսը թեթևացվի: Ջրամբար կառուցվում է, որ Արարատյան դաշտը հնարավոր լինի ջուրն ամբարելու շնորհիվ ոռոգել:
Նախատեսվող 15 ջրամբարից չորսը կկառուցվի Վայոց ձորում՝ Վերնաշենի, Խաչիկի, Ելփինի և Խնձորուտի վարչական տարածքներում, ինչի շնորհիվ ոռոգելի կդառնա մարզի վարելահողերի 25 տոկոսը: 4 ջրամբարի կառուցումը ծրագրված է ավարտին հասցնել չորս տարում: Կապսի ջրամբարի կառուցումը կմեկնարկի 2023-ին: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսավորմամբ:
Վահագն Գևորգյան - Որպես առաջնահերթություն՝ ունենք 15 ջրամբարի կառուցում, պլյուս Կապսը, և 2 ջրամբարի մասով քննարկում ենք անում. խոսքը Եղվարդի ջրամբարի մասին է: Տարիներ առաջ Ջայկա ընկերությունը լուրջ ուսումնասիրություն է իրականացրել: Էներգետիկների հետ քննարկում ենք: 15-ի մեջ չեն մտնում Եղվարդի ջրամբարը, «Սելավ Մաստարա 1 և 4-ը»: Բոլորը լինելու են ամբողջությամբ նոր, դեռ խորհրդային տարիներից ուսումնասիրվում են:
Վեդիի ջրամբարի շինաշխատանքներն ավարտվում են: Ջրամբարաշինության խոշոր ծրագրի իրականացմամբ ակնկալվում է Հայաստանում ամբողջությամբ լուծել ոռոգման խնդիրը: