Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին զորակցություն է հայտնել սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ընթացքում զոհվածների, վիրավորների ընտանիքներին։ Դեսպան Թրեյսին մոմ է վառել Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
«Մենք այսօր հայերի հետ սգում ենք 2020 թ. սեպտեմբերի 27-ին և դրանից հետո զոհվածների հիշատակը։ Բազմաթիվ երիտասարդ կյանքերի կորուստը մեծ վիշտ և ցավ է։ Մենք աղոթում ենք նրանց համար և հուսով ենք, որ այս ամենն էլ չի կրկնվի»,- Թվիթերում գրել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը:
«2020 թվականի ողբերգական իրադարձությունների հիշատակի օրը հայ ժողովրդի հետ սգում ենք զոհվածների հիշատակը, ցավակցություն հայտնում նրանց ընտանիքներին, վիրավորներին և տուժածներին առողջություն ու ապաքինում ենք մաղթում»,- ասված է 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ուղերձում:
«Ռուսաստանը ձեռնարկել է և կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 և 2021 թվականներին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու նպատակով, աջակցություն կցուցաբերի առկա խնդիրներին այնպիսի լուծումներ գտնելու հարցում, որոնք կապահովեն կայուն խաղաղություն և անվտանգություն Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Համոզված ենք՝ կողմերի միջև վիճելի բոլոր հարցերը կարող են և պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ վերոնշյալ պայմանավորվածությունների հիման վրա»: