ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ ասուլիսի մեկնարկին շեշտեց Հունաստանի աջակցությունը Հայաստանին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային:
2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում Ձեր գտնվելն այն համերաշխության և աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք»,- ասաց Միրզոյանը:
Խոսելով իրենց հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին՝ Միրզոյանը նախ նշեց հայ-հունական հարաբերությունների զարգացումը:
«Անցած 30 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսությունը, համագործակցությունը տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում»,- ասաց Միրզոյանը: