ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՄՈԲԻԼԻԶԱՑԻՈՆ ԿԵՏ ԿՏԵՂԱԿԱՅՎԻ
Ռուսական կողմը որոշում է կայացրել թույլատրել Վերին Լարս անցակետով ոտքով անցնել Վրաստանի հետ սահմանը՝ հայտնում են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ մեքենաների հոսքն ավելանում է։ Նախարարության տվյալով՝ չնայած ձեռնարկված միջոցառումներին, իրավիճակը ծայրահեղ լարված է, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար կա լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն:
«Առաջիկայում ռուս-վրացական սահմանին նաև զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ կտեղակայվի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս-վրացական սահմանը հատելու համար այժմ սպասում է 5500 ավտոմեքենա, այդ թվում՝ 3600 մարդատար և 1900 բեռնատար մեքենա:
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին էլ հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը փակելու համար։«Ռուսաստանի քաղաքացիները միշտ եկել են Վրաստան, հիմա էլ են գալիս: Ինչու՞ հիմա պետք է սահմանափակենք նրանց մուտքը»,- ընդգծել է նա։
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՌԴ-ԻՆ ԿԱՐՏԱՀԱՆՁՆԻ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻՑ ԽՈՒՍԱՓԱԾՆԵՐԻՆ
Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի այն ռուսաստանցիներին, որոնց նկատմամբ մոբիլիզացիայից խուսափելու համար միջազգային հետախուզում է հայտարարվել՝ տեղեկացրել է ՆԳ նախարար Մարատ Ախմետժանովը։
«Եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա Ռուսաստանի և Ղազախստանի միջև ամեն օր արտահանձնումներ են իրականացվում՝ Մինսկի կոնվենցիային և իրավական փոխօգնության մասին համաձայնագրին համապատասխան»,- մանրամասնել է պաշտոնյան։
Ավելի վաղ հանրապետության ՆԳՆ միգրացիոն ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 21-ից Ղազախստան մուտք է գործել մոտ 98 հազար ռուսաստանցի, նրանցից 64 հազարն այնուհետև լքել է հանրապետության տարածքը։
ԱՄՆ-Ը ԿԴԻՏԱՐԿԻ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
Ամերիկյան իշխանությունները մանրակրկիտ կդիտարկեն մասնակի մոբիլիզացիայից խուսափող և ԱՄՆ-ում ապաստան հայցող ռուսաստանցիների դիմումները: Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով՝ Վաշինգտոնը հավասարության նշան չի դնում Ռուսաստանի կառավարության և ռազմական գործողություններին մեծամասամբ դեմ արտահայտվող ռուս ժողովրդի միջև: «Հետապնդումներից խուսափողները՝ անկախ ազգությունից, կարող են ապաստան խնդրել ԱՄՆ-ում», - պարզաբանել է Կարին Ժան Պիերը։
Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը.
«Միջուկային զենք կիրառելու մտադրության մասին ապացույցներ այս պահին չկան: Մենք նման սպառնալիքներին շատ լուրջ ենք վերաբերվում, սակայն պատրաստվածության մակարդակը փոխելու պատճառ չենք տեսնում»,- ընդգծել է խոսնակը։
Նա հավելել է՝ միջուկային զենքի կիրառումը աղետալի հետևանքներ կունենան Ռուսաստանի և ամբողջ աշխարհի համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ. ՊԵՍԿՈՎ
Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը:
«Իրավիճակը սակայն փոխվում է, փոխվում են նաև պայմանները: Ուկրաինական կողմն ամբողջությամբ հեռացել է բանակցային գծից, ուստի հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է»,- նշել է Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնարավոր է համարել Ուկրաինայի հետ բանակցություններին վերադառնալը:
ԱՄՆ-Ն ՈՒ ԻՐԱՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԵՆ ԳՐԱՆՑԵԼ. ԻԻՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Թեհրանին առաջարկել է միջուկային ծրագրի վերականգնման հարցով ուղիղ բանակցություններ վարել՝ տեղեկացրել է Իրանի արտգործնախարարը։
«Մենք չենք վախենում Վաշինգտոնի հետ ուղիղ խոսելուց, սակայն պետք է վստահ լինենք, որ այդ բանակցություններից օգուտ կստանանք»,- հավելել է Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Նա հավելել է, որ Թեհրանը եվրոպացի միջնորդների մասնակցությամբ անուղղակի բանակցությունների նոր փուլի իմաստ չի տեսնում, սակայն եթե ամերիկյան կողմը նման պահանջ ներկայացնի, Իրանը չի առարկի։
Աբդոլլահիանի համոզմամբ՝ վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը որոշակի առաջընթաց են գրանցել հատկապես տնտեսական երաշխիքների հարցում։ Խոսքը իրանական կողմի պահանջի մասին է՝ պայմանագրում ամրագրել դրույթ, որով ԱՄՆ-ը հերթական անգամ չի կարողանա միակողմանիորեն դուրս գալ համաձայնագրից։
Նախարարը հավելել է նաև, որ պատրաստ են Վաշինգտոնի հետ գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր կնքել: Այդ հարցը, սակայն, ոչ մի կապ չունի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացի հետ։