ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԺԵՎՈՐՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ. ՄԻՐԶՈՅԱՆ
Առանձնազրույց, հետո միայն հանդիպում` ընդլայնված կազմով: Աշխատանքային այցով Հայաստանում է Հունաստանի արտգործնախարարը: Նիկոս Դենդիասի առաջին հանդիպումը գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ է: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ սանձազերծած ագրեսիայի պարագայում Հունաստանի շարունակական աջակցությունը հատկապես գնահատելի է՝ արդեն մամուլի համար հայտարարությունների ժամանակ ընդգծեց Միրզոյանը:
Արտգործնախարարը հայտնեց՝ հույն գործընկերոջ հետ քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները։
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը՝ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ագրեսիայի հետևանքները միանշանակ պետք է վերացվեն, ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, հրադադարը պետք է լիակատար պահպանվի՝ Երևանի դիրքորոշումը վերահաստատեց Հայաստանի արտգործնախարարը: Միրզոյանը շեշտեց՝ միջազգային հանրության հստակ քայլերն ու կիրառած մեխանիզմները պետք է կանխեն Ադրբեջանի հնարավոր նոր ագրեսիան:
Արարատ Միրզոյան - Ցանկանում եմ հիշեցնել, որ երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:
ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ՎԵՐԱՁԵՎԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԸ ԿՁԱԽՈՂՎԵՆ. ԴԵՆԴԻԱՍ
«Լեռնային Ղարաբաղի հարցում Հունաստանի դիրքորոշումն անփոփոխ է, այն է՝ միջազգային իրավունքի շրջանակում հասնել խաղաղ ու փոխադարձ ընդունելի լուծումների»,- հայտարարեց Նիկոս Դենդիասը:
Նիկոս Դենդիաս (Հունաստանի արտաքին գործերի նախարար) - Բայց լուծումները և խաղաղությունը չեն կարող կառուցվել, երբ կա ուժի կիրառման սպառնալիք. սա վերաբերում է և՛ Հարավային Կովկասին, և՛ ամբողջ աշխարհին: Հունաստանը կշարունակի աջակցել բանակցություններ սկսելու և լուծումներ գտնելու գործընթացին:
Հունաստանը կարևոր է համարում բոլոր պետությունների, այդ թվում` բարեկամ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ Աթենքի պաշտոնական դիրքորոշումը Երևանում վերահաստատեց Հունաստանի գլխավոր դիվանագետը:
Նիկոս Դենդիաս - Կցանկանայի հստակ ուղերձ հղել այն երկրներին, որոնք փորձում են վերաձևել քարտեզները: Այդ փորձերը կձախողվեն:
Նիկոս Դենիասի խոսքով՝ Թուրքիան այժմ փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից և սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ: Աթենքը ցանկանում է կառուցողական երկխոսություն սկսել Թուրքիայի հետ, բայց միևնույն ժամանակ պատրաստ է պաշտպանելու երկիրը: