«Հայաստանի առնվազն չորս բուհ մինչև 2030 թվականը կընդգրկվի միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում»,- կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրն Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովին ներկայացնելիս նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Կստեղծվեն 100% պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Հայաստանյան կոնկրետ թվով բուհերի պետական թիրախային աջակցության տրամադրման միջոցով հնարավորություն կստեղծվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել դիրքերը:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ ըստ ծրագրի՝ առաջիկա 8 տարվա ընթացքում առնվազն կկրկնապատկվի հայաստանյան բուհերում սովորող 7600 ուսանողի թիվը, իսկ մասնագիտական և բարձրագույն կրթություն ստացած յուրաքանչյուր շրջանավարտ կունենա միջազգայնորեն ճանաչելի և աշխատաշուկայի կարիքներին համապատասխան մասնագիտական որակավորում:
Վահրամ Դումանյան - Մասնագիտական և բարձրագույն կրթական համակարգում նախատեսվում է բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով վիճակում գտնվող ուսանողներին պետական կրթաթոշակների տրամադրում և փոխհատուցում, որի արդյունքում կբացառվեն անվճարունակության պատճառով այդպիսի ուսանողների բուհերից դուրս մնալու դեպքերը:
Կրթության զարգացման պետական նախորդ ծրագիրն ընդունվել է 2011-ին, գործել մինչև 2015 թվականը: Նոր ծրագրով սահմանված է երեք ռազմավարական ուղղություն՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում:
Վահրամ Դումանյան - Դպրոց ընդունվող բոլոր երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում. 3-5 տարեկանների առնվազն 95 %-ը: Մսուրային ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր դպրոցները կունենան պատշաճ կահավորված և արդիական սարքավորումներով հագեցված, սանիտարահիգիենիկ, անվտանգային ստանդարտներին բավարարող և համընդհանուր մատչելի շենքեր:
Կրթության որակի բարձրացմանը և այն միջազգայնորեն մրցունակ դարձնելուն միտված պետական ծրագրին հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց, այն կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում:
Հեղինակ` Նորայր Շողիկյան