ԻԺԵՎՍԿՈՒՄ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԶՈՀԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 17-Ի
Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի, որոնցից 11-ը երեխաներ են, վիրավորվել է ավելի քան 20 մարդ` հայտնել են Ուդմուրտիայի կառավարության մամուլի ծառայությունում։
Սեպտեմբերի 26-ի առավոտյան լրատվամիջոցները տեղեկացրին, որ անհայտ անձը ներխուժել է Իժևսկի թիվ 88 դպրոց, կրակոցներ արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ: Հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել: ՌԴ կրթության նախարար Սերգեյ Կրավցովը հայտնել է, որ հարձակվողի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա, նա գտնվել է դիսպանսերային հսկողության ներքո։ Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել:
ՀԱՆՐԱՔՎԵ՝ ՌԴ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՐՑՈՎ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ը՝ ՎԵՐՋԻՆ ՕՐ
Այսօր Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեների քվեարկության եզրափակիչ օրն է: Նախորդ չորս օրերին քվեարկությանը մասնակցության ցուցանիշը Դոնեցկում կազմել է 86,89 %, Լուգանսկում՝ 83,61 %, Խերսոնի մարզում՝ 63,58 %, Զապորոժիեում ՝ 66,43 %:
Քվեարկությունը կավարտվի Մոսկվայի ժամանակով ժամը 4-ին, ինչից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում քվեարկության մասնակիցներին առաջարկվում է պատասխանել հարցին՝ արդյոք համաձայն են Ռուսաստանին միանալուն: Զապորոժիեում և Խերսոնում էլ ընտրողները պատասխանում են հետևյալ հարցին՝ կո՞ղմ եք, որ մարզը դուրս գա Ուկրաինայի կազմից՝ դառնալով անկախ պետություն, և ընդգրկվի Ռուսաստանի կազմում:
ԷԴՎԱՐԴ ՍՆՈՈՒԴԵՆԸ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ
Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ՌԴ քաղաքացիություն է ստացել:
Սնոուդենը 2013 թ. հրապարակել էր բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունների էլեկտրոնային լրտեսության մեթոդները և գաղտնալսման վերաբերյալ այլ տեղեկություններ, այնուհետև ապաստան ստանալու հարցումներ ուղարկել տարբեր երկրների իշխանությունների: 2014 թվականին Սնոուդենը ՌԴ-ում բնակության իրավունք էր ստացել:
ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Սնոուդենին Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու որոշմանը: Ըստ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի՝ Վաշինգտոնը շարունակում է Սնոուդենին համարել ԱՄՆ քաղաքացի, վերջինս պետք է վերադառնա երկիր և կանգնի դատարանի առջև:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈԿԻՈՅՈՒՄ
Տոկիոյում հուղարկավորում են Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին: Նրա աճյունասափորը տեղափոխվել է հուղարկավորության արարողության սրահ: Նախկին վարչապետը մահացել է 2022 թվականի հուլիսի սկզբին նախընտրական հանրահավաքի ժամանակ մահափորձից հետո: Լրատվամիջոցների տվյալով՝ Աբեին հրաժեշտ տալու է եկել ավելի քան 4000 մարդ, այդ թվում՝ մոտ 700 օտարերկրյա ներկայացուցիչ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Աբեի հուղարկավորությունն ուղեկցվել է նաև բողոքի ակցիաներով. նշվում է, որ բնակչության զգալի մասի շրջանում դժգոհություն է առաջացրել արարողությանը պետական կարգավիճակ շնորհելու՝ կառավարությունը որոշումը: ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցարարները համաձայն չեն կառավարության այն պնդման հետ, թե Աբեն մեծ դեր է ունեցել երկրի զարգացման հարցում։ Մարդիկ դժգոհ են նաև, որ հուղարկավորությունն անցկացվում է հարկատուների միջոցների հաշվին։