ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանն ուղերձ է հղել պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Դրանում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի ժողովուրդ,
Սիրելի հայրենակիցներ,
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի նախահարձակ ռազմական գործողություններով սանձազերծվեց 44-օրյա պատերազմը՝ ի չիք դարձնելով գործընկեր երկրների և միջազգային կառույցների կողմից տարիներ շարունակ ներդրված ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, բանակցային ուղիներով և առանց ուժի կիրառման կարգավորմանը։
Երկու տարի առաջ այս օրը մեր ժողովուրդն առերեսվեց հերթական փորձությանը, մեր զինված ուժերը, կամավորականները, բժիշկներն ու քաղաքացիները հերթական անգամ հարկադրված էին մարտի դաշտում պաշտպանել Արցախի մեր հայրենակիցների՝ սեփական բնօրրանում ապրելու և արարելու անքակտելի իրավունքները։
44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր Հայաստանի և Արցախի համար՝ լի անդառնալի կորուստներով:
Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում մարտում ընկած մեր նվիրյալների հարազատներին: Խոնարհվում եմ նրանց հիշատակի առաջ։
Այսօր՝ ներկայիս դժվարին ու փորձություններով լեցուն ժամանակաշրջանում, մեր բոլորիս պարտքն է արժանվույնս գնահատել մեր նահատակների զոհաբերությունը և գիտակցել, որ նրանք ընկան հանուն կյանքի, հանուն մեր ժողովրդի ապրելու աներկբա իրավունքի և հանուն խաղաղության, որի համար մենք պայքարում ենք նաև հիմա։
Ուժ և կորով բոլորիս, հանուն մեր անկախության և ազատության»: