Տնտեսվարողները, որոնց խանութները մոխրացան Սուրմալուի հրդեհի ժամանակ, առաջիկա օրերին դրամական փոքրիկ օգնություն կստանան։ Գումարը Աղետներին արձագանքման Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի արտակարգ իրավիճակների ֆոնդից է։ Ֆինանսավորումը երկիր է բերել Հայկական կարմիր խաչի ընկերությունը։ Այրված տաղավարներում միլիոնների ապրանք կորցրած բիզնեսների համար սա ոչ թե փոխհատուցում է, այլ՝ շահառուի ընտանիքի հոգսը որոշ չափով մեղմելու աջակցություն՝ բացատրում է կառույցի գործադիր տնօրենը։
Աննա Եղիազարյան (Հայկական կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրեն) - Ֆոնդի առավելագույն գումարը, որ մեկ հոգու հաշվով թույլ է տալիս այդ ֆոնդը տալու, 100 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամն է։ Այս պարագայում այդ տուժածի ընտանիքի յուրաքանչյուր անձ կարող է ստանալ 42700 դրամի չափով աջակցություն: Եթե ընտանիքում 5 հոգի է՝ 5 անգամ այդքան գումար:
Այս պահին ունեն տոնավաճառի պայթած-հրդեհված մասնաշենքում աշխատած 60 անձի տվյալ։ Ցուցակը, սակայն, մասնագետների սկսած կարիքի գնահատման գործընթացի արդյունքում կարող է ընդլայնվել, որովհետև ամենախոցելի ճանաչված խմբի հետ տուժել, մեծ վնասներ են կրել նաև աղետի անմիջական հարևանությամբ եղած կրպակները։
Աննա Եղիազարյան - Կան կողքը ոչ էդ հատվածի խանութները, որոնք լիովին տուժել են, էնպես որ մենք եթե գնահատենք, որ նրանք տուժել են, նրանք նույնպես կստանան:
Սուրմալուի տնտեսվարողները հարցերի-ճշտումների համար Հայկական կարմիր խաչի ընկերություն կարող են զանգել 060 625050 հեռախոսահամարով։ Ըստ Աննա Եղիազարյանի՝ կարիքի վերջնական գնահատումն իրենք մինչև շաբաթվա վերջ կավարտեն ու երեք օրվա ընթացքում գումարները կփոխանցեն հաշվառած շահառուների բանկային հաշիվներին։
Զուգահեռ շարունակում են Ադրբեջանի վերջին հրետակոծությունից տուժածների հրատապ աջակցությունը։ Սոցապնախարարության հարթակով համայնքներից ստացած հայտերի հիման վրա առաջին օգնության փաթեթներ են ուղարկում մարզեր։
Ֆոնդը, որ ունեն, Հայկական կարմիր խաչին հնարավորություն կտա Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի շահառուներին սննդի փաթեթ տրամադրել նաև հաջորդ ամիս: