Մարդու իրավունքների խախտումներից մինչև պատերազմական հանցագործություններ ու ոչ միայն: Ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներն այս օրերին օմբուդսմենի ստրասբուրգյան օրակարգի գլխավոր թեման են: Թեև աշխատանքային եռօրյա այցը Ֆրանսիա ավելի վաղ էր կազմակերպված, համընկավ հետէսկալացիոն շրջանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը եվրոպացի պաշտոնյաներին է ներկայացնում սեպտեմբերի 13-ից հետո հավաքագրած, իր արտահերթ զեկույցում տեղ գտած փաստերը, ապացույցները:
Գրիգորյանն առաջինը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հետ է հանդիպել, ասաց՝ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հստակ ընդգծել է հումանիտար հարցերի հրատապ լուծման անհրաժեշտությունը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Ուրախ էի լսելու տիկին քարտուղարի վերահաստատումն այն բանի, որ հայ ռազմագերիների և քաղաքացիական պահվող այլ անձանց վերադարձը իր համար շարունակում է մնալ առաջնահերթություն, ու ինքն օգտագործելու է յուրաքանչյուր հնարավոր միջոց իր գործիքակազմում էս նպատակին հասնելու համար:
«Լուրերի» հետ զրույցից առաջ Գրիգորյանը նոր էր ավարտել հանդիպումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ: Ասաց՝ Ռոբերտ Սպանոյին մանրամասն ներկայացրել է հայ զինծառայողների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների դեպքերը և դրա հետևանքով զոհվածների մասին տեղեկությունը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Նաև առիթ եմ ունեցել կիսվելու ծայրահեղ մտահոգիչ փաստերով՝ կին զինծառայողների մարմինների նկատմամբ կատարվածի, և մտքեր ենք փոխանակել, թե ինչպես ՄԻԵԴ-ի հետ մեր հաստատությունը կարող է շարունակել կոմունիկացիան, և թե ինչպես մեր արժեքավոր զեկույցները կարող են օգնել դատարանին գործերի քննության ընթացքում:
Երկօրյա սահմանային մարտերի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, ադրբեջանական կողմում են երկու տասնյակի հասնող նոր ռազմագերիներ: Նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար Երևանը Բաքվի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու պահանջով հենց առաջին օրը ՄԻԵԴ էր դիմել: Ադրբեջանը դատարանից լրացուցիչ ժամանակ էր խնդրել, նոր վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 29-ը:
Գրիգորյանը Սպանոյի հետ քննարկմանը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը քաղաքական դիմադրություն է ցույց տալիս, ձգձգում հրատապ միջոցների կատարումը:
Քրիստիննե Գրիգորյան - Պարոն Սպանոն նույնպես կիսում էր մտահոգությունը, որ ՄԻԵԴ-ի կողմից հրատապ միջոցների 39-րդ կանոնի կիրառման պայմաններում որոշումների կատարման ընթացքը, իր մտահոգությունն էր հայտնում դրանց կատարման էֆեկտիվության վերաբերյալ, որովհետև, ինչպես գիտեք, դրանք պարտադիր են կատարման համար միջազգային իրավունքի տրամաբանության ներքո, բայց շատ անդամ պետություններ հետևողականորեն դա չեն կատարում:
Գրիգորյանի վստահեցրեց՝ Եվրոպայի խորհրդի անդամները հանձնառու են ավելացնել ճնշումը, որ հումինտար խնդիրները լուծում ստանան, ասաց՝ ռազմագերիների, նաև սպանված զինծառայողների մարմիների վերադարձման հարցում միասնական դիրքորոշում կա: Պաշտպանը տեղեկություն ունի, որ այժմ Ստրասբուրգում է նաև իր ադրբեջանցի պաշտոնակիցը: Սաբինա Ալիևայի հետ, սակայն, հանդիպման հավանականություն, Գրիգորյանի գնահատմամբ, չկա, շեշտում է՝ Ալիևան բաց չէ նման քննարկումների համար:
Քրիստիննե Գրիգորյան - Սա նաև այն ուղերձներից մեկն է, որը ես ուղղում եմ իմ բոլոր զրուցակիցներին՝ պատմելով, թե ինչպես ես ինքս եմ առաջարկել հանդիպել, քննարկել, ինչպես եմ ամսի 13-ին կապ հաստատել իր հետ, փորձել տեղեկություն ստանալ իրենից, բայց, ցավալիորեն, Մարդու իրավունքների պաշտպանը չի գործում նույնպիսի ազատությամբ այդ երկրում, ինչպիսին գործում է մեր երկրում, և սա մի իրողություն է, որ միջազգային կոլեգաները նույնպես արձանագրում են:
Աշխատանքային այցի շրջանակում Գրիգորյանը կհանդիպի նաև դիվանագիտական կորպուսի, մասնագիտացված կազմակերպությունների, ծրագրային թիմերի հետ: Ասաց՝ կարևոր է համարում եվրոպացի գործընկերներին տեղեկությամբ զինելը ու ընդգծեց՝ Ստրասբուրգում հետաքրքրված են Հայաստանի ներկայացրած փաստերով: