Ռուսական կողմը որոշում է կայացրել թույլատրել Վերին Լարս անցակետով ոտքով անցնել Վրաստանի հետ սահմանը՝ հայտնում են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ մեքենաների հոսքն ավելանում է։ Նախարարության տվյալով՝ չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ իրավիճակը ծայրահեղ լարված է, քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար կա լրացուցիչ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն:
«Առաջիկայում ռուս-վրացական սահմանին նաև զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ կտեղակայվի»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս-վրացական սահմանը հատելու համար այժմ սպասում է 5500 ավտոմեքենա, այդ թվում՝ 3600 մարդատար և 1900 բեռնատար մեքենա: Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին էլ հայտարարել է, որ պատճառ չի տեսնում Ռուսաստանի հետ սահմանի Կազբեգի-Վերին Լարս անցակետը փակելու համար։
«Ռուսաստանի քաղաքացիները միշտ եկել են Վրաստան, հիմա էլ են գալիս: Ինչո՞ւ հիմա պետք է սահմանափակենք նրանց մուտքը»,- ընդգծել է նա։