ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնական դիրքորոշումը` ադրբեջանական ագրեսիայի դատապարտման, Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնության հարցերում:
Նա շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայից հետո համերաշխության այցի համար:
Հանդիպմանը քննարկվել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման հարցը:
Կողմերը համակարծիք են եղել, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի են, իսկ հետագա էսկալացիաների կանխարգելման նպատակով պետք է ներդրվեն միջազգային մեխանիզմներ:
«Ակնկալում ենք, որ մեր ֆրանսիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի` ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման դադարեցման ուղղությամբ»,- անդրադառնալով հետպատերազմյան Արցախին՝ հանդիպումը եզրափակել է ՀՀ ԱԺ նախագահը: