Այսօր հայազգի կոնգրեսական Ջեքի Սփիերը Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատ ներկայացնում Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան դատապարտող ևս մեկ բանաձև, որը համահեղինակել է կոնգրեսական Ադամ Շիֆը։ Նոր նախագիծը մանրամասն ներկայացնում է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները, որոնք ադրբեջանական կողմն իրականացրել են 44-օրյա պատերազմի և սեպտեմբերին Հայաստան ներխուժման ընթացքում։
Ջեքի Սփիեր (ԱՄՆ կոնգրեսական) - Միացյալ Նահանգները հաստատակամորեն վստահ է, որ Ադրբեջանը իրականացրել է սարսափելի դաժանություններ: Մենք պատրաստվում ենք դատապարտել այդ ամենը Կոնգրեսին ներկայացված բանաձևով։ Փաստաթղթում ներկայացված է Ադրբեջանի կողմից իրականացված ավելի քան հիսուն ռազմական հանցագործություն։ Դա պետք է սևով սպիտակի վրա արձանագրված լինի, որ բոլորս գիտակցենք՝ որքան արատավոր է այդ երկիրն իրականում։
Նոր բանաձևի և Հայաստան կատարած այցի մասին Ջեքի Սփիերը լրագրողներին պատմեց Միացյալ Նահանգների արևմտյան ափի Հայ դատի հանձնախմբի ամենամյա միջոցառման շրջանակում։
Համաժողովի և դրան հաջորդած ավանդական երեկոյի գլխավոր թեման Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան, դրա հետ կապված ամերիկյան և հայկական կողմի հնարավոր անելիքները։
Երկօրյա միջոցառումներին մասնակցում էր Արցախից ժամանած պատվիրակություն՝ արտգործնախարար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ։ Այստեղ էին նաև ամերիկացի հայամետ գործիչներ։
Ադամ Շիֆ (ԱՄՆ կոնգրեսական) - Նոր բանաձևը, որը Սփիերը ներկայացնում է Կոնգրես, արդարադատություն և պատասխանատվություն է պահանջում Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար։ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու ձևը նրանց ամերիկյան կառավարության աջակցությունից զրկելն է, որ հասկանան՝ չհրահրված ագրեսիայի համար չեն կարող անպատիժ մնալ։ Կարծում եմ՝ նրանք մտածել են, թե պատասխանատվություն չեն կրի, քանի որ նման դեպքերում աշխարհը հավասարության նշան է դնում կողմերի միջև՝ կոչ անելով զերծ մնալ բռնությունից, մինչդեռ միայն մի կողմն է ագրեսիվ, և դա Բաքուն է։ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները պետք է Ադրբեջանին ներկայացնեն ագրեսիայի հետևանքները, և դրա առաջին քայլը ամերիկյան կառավարության աջակցության դադարեցումն է՝ 907 բանաձևի կիրառումը։
ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՆՔ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ ՈՒԺ. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները նույնպես փաստում են, որ ՄՆ-ն առաջին անգամ է ագրեսոր կողմին՝ Ադրբեջանին հասցեական կոչ անում դադարեցնել ագրեսիան։ Հայ լոբբիստները նշում են, որ պետք է օգտագործեն հանրային կարծիքի ձևավորման բոլոր հարթակները՝ Սպիտակ տնից մինչև մեդիա և ազդեցիկ դեմքեր՝ հասկացնելու, որ մեկ դար առաջ սկսված ցեղասպանական ծրագիրը այսօր շարունակվում է և պետք է դադարեցվի։
Նորա Հովսեփյան (Հայ դատի հանձնախմբի ԱՄՆ արևմտյան ափի ատենապետ) - Մենք պետք է գիտակցենք. թեև սփյուռքում մենք ուղղակիորեն չենք զգում պատերազմի հետևանքները, սակայն ամեն սպառնալիք մեր հայրենիքի նկատմամբ սպառնալիք է մեր ազգային գոյության նկատմամբ։ Պետք է ստեղծենք միասնական և անպարտելի ուժ, ձևավորենք համազգային օրակարգ՝ Հայրենիքի ու Սփյուռքի համատեղ ուժերով քննարկելու այդ սպառնալիքին դիմակայելու ամենաարդյունավետ ձևերը։
ՄԵՆՔ ԳՏՆՎՈՒՄ ԵՆՔ ԲԱԽՏՈՐՈՇ ՓՈՒԼՈՒՄ. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
Հայ դատի հանձնախումբը կոնգրեսականներ Ադամ Շիֆին և Ջեքի Սփիրին մրցանակներ շնորհեց՝ որպես երախտագիտություն հայկական շահերը պաշտպանելու համար։ Արցախի Արտգործնախարար Դավիթ Բաբայանն արժանացավ Ազատություն մրցանակին։
Դավիթ Բաբայան (Արցախի ԱԳ նախարար) - Մենք գտնվում ենք բախորոշ փուլում, և անհրաժեշտ է օբյեկտիվ պատկերացնենք վիճակը, տարբեր երկրների մոտեցումները, շահերը, նրանց պատասանատվության աստիճանը և նման այցերը շատ կարևոր են։
ՄՐՑԱՆԱԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Մեսիջը, որ փորձում էինք հասցնել՝ իրականությունը՝ ինչ կա, քանի որ հեռվից, հատկապես որ չկա մասնագիտացված ներկայացում, կարող էր սխալ ընկալում լինել։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, իրավաբանական խմբի անդամներ Լևոն Գևորգյանն ու Գառնիկ Քերքոնյանը ստացան Միջազգային արդարադատության առաջամարտիկ մրցանակը։ Խոստումը ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը և Քիմ Քարդաշյանն արժանացան «Համաշխարհային ազդեցություն» մրցանակին։ Քարդաշյանը տեսաուղերձով երախտագիտություն հայտնեց համայնքին։
Քիմ Քարդաշյան (հեռուստաաստղ) - Շնորհակալություն Հայ դատին այն աշխատանքի համար, որն իրականացնում է հայ ազգի անունից։ Արևմտյան ափը Հայաստանից դուրս հայերի ամենամեծ տունն է, և ձեր աշխատանքը կարևոր է մեր համայնքի համար։
Ծանր սրտով ենք ընդունում այս պարգևը՝ իմանալով, որ հայ ժողովուրդը հարձակման է ենթարկվել և տեղահանվել հայրենիքից։ Մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ՝ աջակցելու հայ ժողովրդին։ Շատ շնորհակալ եմ այս պատվի համար։