ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ մանրամասն քննարկել է տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Այս մասին Միրզոյանը հայտնեց Դենդիասի հետ ասուլիսի ընթացքում:
«Գործընկերոջս ներկայացրել եմ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները:
Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական և հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների»,- ասաց Միրզոյանը:
Այս համատեքստում, Միրզոյանի խոսքով, արժևորվում է բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
«Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն, և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի:
Միաժամանակ միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները»,- ասաց Միրզոյանը: