8,3 միլիոն շվեյցարական ֆրանկ՝ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության զարգացման համար: «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացման ՄԱՎԵՏԱ» կրթական երկարաժամկետ ծրագիրն իրականություն դարձնելու համար Շվեյցարիան գործակցում է Ավստրիայի և Գերմանիայի հետ:
Վերներ Թութ (Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային տնօրենի տեղակալ) - ՄԱՎԵՏԱ-ն փորձում է համայնքներում պայմաններ ստեղծել, որ երիտասարդները գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթություն ստանան. մասնագետների կարիք գյուղերում իսկապես կա:
Անասնաբուժության, կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիաների, ֆերմերային գործի, գյուղատնտեսական մեքենաների, այգեգործության և կաթնաֆերմայի կառավարման մասնագետների գործնական ուսուցումը կանցկացնեն երեք օր տեսական, երեք օր գործնական պարապմունքերով: Առաջին հիմնական փուլը կտևի երեք տարի: Արդեն հաստատվել է նաև երկրորդ հիմնական փուլը՝ 2026-2030 թվականների համար։ Ծրագրով կփորձեն նպաստել ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում կրթության համակարգի բարեփոխումներին, այլև կբարելավեն հարակից բնագավառների մասնագետների և շրջանավարտների գիտելիքներն ու հմտությունները, ինչը կնպաստի Հայաստանի գյուղական համայնքներում ինքնազբաղվածության ու մարդկանց եկամուտների ավելացմանը:
Արթուր Փոքրիկյան (Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար) - Փորձում ենք միջազգայնորեն Շվեյցարիայում, Գերմանիայում և Ավստրիայում ընդունված մոդելը, որը կոչվում է դուալ կրթություն կամ աշխատանքի վրա հիմնված կրթություն, այդ ուղղությամբ փորձում ենք փոխել կրթությունը, որպեսզի ուսանողները կարողանան կրթության ընթացքում գնալ, մասնավորի մոտ աշխատել ու աշխատելու ընթացքում նաև սովորել:
Մասնագիտության նկատմամբ ուսանողի հետաքրքրությունը բարձրացնելու լավագույն մեթոդը աշխատանքի միջոցով ուսուցումն է՝ նշում է նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը: Այժմ պետական ծրագրով փորձ է արվում մասնագիտական կողմնորոշումը արդեն դպրոցից սկսել:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Մասնագիտական կողմնորոշումը ձևավորվում է դպրոցում, և ես կարծում եմ, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչով, որտեղ պարտադիր է դարձել մասնագիտական կողմնորոշման ակումբը դպրոցում, յոթերորդ դասարանից սկսած պիտի մեզ տա այդ հնարավորությունը երեխաներին ճիշտ ուղղորդել:
ՄԱՎԵՏԱ կրթական նախագիծն արդեն սկսել է գործակցել Գորիսի պետական գյուղատնտեսական, Ազգային ագրարային համալսարանի Սիսիանի և Երևանի, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական, Բերդի պետական բազմաֆունկցիոնալ քոլեջների և Էջմիածնի արհեստագործական պետական դպրոցի հետ։