Արցախյան 44-օրյա պատերազմի առնչությամբ քննվող քրեական շուրջ 1600 վարույթներով մեղադրյալ է ներգրավվել 923 անձ, որոնցից 870-ը Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ են, 20-ը՝ Ադրբեջանի, 33-ը՝ Սիրիայի:
Միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի դեմ իրականացված ագրեսիայի ակտի առնչությամբ քննվում է 100-ից ավելի վարույթ:
Ռաֆայել Վարդանյան (Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ) - Մենք ունենք առանձին վարույթներ հարուցված, որոնք վերաբերում են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից իրականացված պատերազմական հանցագործություններին, խոշտանգումներին, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելուն և խոցելուն, բռնի անհետացումներին:
Վարդանյանի խոսքով՝ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 20 անդամի: Առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների 4000-ից ավելի անդամների ներգրավման վերաբերյալ նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել:
Ռաֆայել Վարդանյան - Մինչև ագրեսիայի ակտ իրականացնելը հիմնական մասը նախապես Թուրքիայի Հանրապետության տարածքով, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հովանավորությամբ և աջակցությամբ տեղափոխվել է Ադրբեջան և մասնակցել են ագրեսիայի ակտի իրականացմանը:
Եթե նախկինում ահաբեկչական խմբավորման 32 անդամ էր որպես մեղադրյալ ներգրավված, այժմ, նոր փաստեր երևան գալու հետևանքով, նրանց շրջանակն ընդլայնվել է՝ քրեական հետապնդման է ենթարկվում 300-ից ավելի անձ:
Ադրբեջանի ագրեսիան առաջին իսկ հարձակման պահից ուղղված է եղել նաև Արցախի խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական բնակչության դեմ:
Ռաֆայել Վարդանյան - Իրականացվել են շուրջ 500 դեպքի վայրի զննություններ, և ունենք պարզված շուրջ 7000 խոցված և թիրախավորված քաղաքացիական օբյեկտներ, որոնք վերաբերում են բացառապես այս պահին Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Ստեփանակերտի խաղաղ բնակավայրերի կանխամտածված թիրախավորմանը և խոցմանը:
Քննչական կոմիտեի տվյալով, 2020-ի ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 3749 զիծառայող և 78 քաղաքացիական անձ: 183 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:
Ռաֆայել Վարդանյան - 203 գտնվելու վայրը անհայտ անձանցից առնվազն 30-ի վերաբերյալ վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել բավարար փաստական տվյալներ, որը հիմք է տալիս ենթադրելու, որ նշված անձինք բռնի անհետացածներ են, և նրանց մասով նույնպես առանձին քննություն է իրականացվում:
Քննության առարկա են դարձվել նաև զինծառայողների գերեվարման դեպքերը:
Ռաֆայել Վարդանյան - Ունենք ընդհանուր առաջին իսկ օրից գերեվարված 189 անձ, որոնցից 156-ը վերադարձվել են Հայաստանին, մնացած 33-ը այս պահի դրությամբ պահվում են Ադրբեջանում, և նշեմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ապօրինի խոչընդոտում է պահվող ռազմագերիների հայրենադարձման գործընթացը:
Քննվում են նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների գործողությունները: Մեղադրյալի աթոռին ոչ միայն սպաներ են, այլև՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին երկու հրամանատարները, որոնք ղեկավարել են ԶՈՒ-ն պատերազմի օրերին՝ Ջալալ Հարությունյանը և նրա վիրավորումից հետո՝ Միքայել Արզումանյանը:
Ռաֆայել Վարդանյան - Միայն ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 26 անձի մասով հարուցվել է քրեական հետապնդում միայն հրամանատարական կազմից:
Շուրջ 1600 քրեական գործերից 250-ով նախաքննությունն ավարտվել է: Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ բոլոր քրեական գործերով հարցաքննվել է 16 հազարից ավելի անձ: 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ԱԱԾ-ում քննվում է պետական դավաճանության հատկանիշներով 13 գործ:
Արմեն Գևորգյան (Դատախազության ԱԱԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ) - Որոնցից ներկա պահին 10 քրեական վարույթ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան, նշված քրեական գործերով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեն 19 անձինք, որոնցից 18-ը գտնվում են կալանքի տակ:
Դատարան ուղարկված վերջին քրեական գործով մեղադրյալը կապիտան է:
Արմեն Գևորգյան - Նշված սպային մեղսագրվում է մի քանի հանցավոր ենթադրյալ արարքների կատարում, մասնավորապես՝ նշված անձը 2019 թվականին երրորդ պետության տարածքում հավաքագրվել է և գրավոր համաձայնագիր է տվել համագործակցելու ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից, և տվյալ ժամանակահատվածում փոխանցել է տարբեր տեղեկություններ՝ ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների և հատուկ կարգավիճակով տարբեր զորամասերի:
Սպան մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին և, գործի համաձայն, այդ ժամանակահատվածում իրեն ամրակցված ռազմական գույքն ու տեխնիկան դիտավորությամբ վնասել է:
Կապիտանը 2021 թվականի օգոստոսին վերսկսել է գործակցությունը Ադրբեջանի հետ, տեղեկություններ հավաքել ու փոխանցել հակառակորդին:
Արմեն Գևորգյան - Սպային մեղսագրվում է նաև պետական դավաճանություն կատարելուն դրդչության փորձ, որոշակի տեղեկություններ, որոնք սպային իր ծառայության բերումով հասանելի չեն եղել, այլ հասանելի են եղել այլ սպաների, որոշակի վարձատրության դիմաց փորձել է նյութապես շահագրգռելու եղանակով համոզել նրանց, որպեսզի այդ տեղեկությունները ձեռք բերեն և փոխանցեն իրեն, որպեսզի ինքն էլ, կրկին վարձատրության դիմաց, խոսքը 4000 դոլարի մասին է, փոխանցի ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներին:
Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել, քանի որ այն սպան, որին կապիտանը փորձել է հանցագործության մեջ ներգրավել, դեպքի մասին զեկուցել է վերադասին:
Արմեն Գևորգյան - Եթե նախկին տարիներին պետական դավաճանության դեպքերի ուսումնասիրությունը վկայում էր այն մասին, որ ՀՀ քաղաքացիները օտարերկրյա ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում էին հայտնվել հիմնականում երրորդ երկրներում հայտնվելու դեպքում, ապա 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո այդ եղանակները փոփոխության են ենթարկվել, և հավաքագրման եղանակը փոփոխվել է և մտել համացանցային տիրույթ:
Այդ մեխանիզմը հայտնաբերելուց հետո, Գևորգյանի խոսքով՝ գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել պաշտպանության նախարարին: Միջնորդագրի ներկայացումից հետո պաշտպանության նախարարությունում իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան