ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օրերս մասնակցել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստին:
Երկօրյա համաժողովին մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի սպորտի փոխնախարարներն ու այլ ներկայացուցիչներ:
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարբեր մարզաձևերում ԱՊՀ երկրների միջև առաջնությունների և գավաթի խաղարկությունների, հաշմանդամ երեխաների մասնակցությամբ ամառային և ձմեռային սպարտակիադաների, ԱՊՀ երկրորդ խաղերի անցկացմանը վերաբերող և այլ հարցեր:
Նիստի մասնակիցները համատեղ հայտարարություն են ստորագրել՝ մարզիկների նկատմամբ խտրականությունն անթույլատրելի համարելու վերաբերյալ:
Նիստի օրակարգային հարցերից մեկն ԱՊՀ երկրորդ խաղերի անցկացման ժամկետները հաստատելն էր. ըստ այդմ՝ դրանք կկայանան 2023 թվականի օգոստոսի 4-14-ը Բելառուսում: Խորհրդի հաջորդ նիստը ևս կկայանա Մինսկում:
Խորհրդի նիստի մասնակից երկրները նաև հաշվետվություն են ներկայացրել 2021-2022 թվականներին սպորտի ասպարեզում իրենց ծավալած գործունեության վերաբերյալ՝ շեշտը դնելով մասսայական սպորտի զարգացման վրա:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ հայկական կողմն առաջարկել է 2023 թվականին Հայաստանում անցկացնել մարզական ֆորում, որի ժամկետներն ու թեման լրացուցիչ կհստակեցվեն:
Նիստի մասնակիցները նաև շրջայց են կատարել Տաշքենդում գործող մարզական հաստատություններում, եղել են Ուզբեկստանի սպորտի նախարարությունում, օլիմպիական և պարալիմպիկ կոմիտեներում, ինչպես նաև մարմնամարզության հավաքականների կենտրոնում:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը դեռևս 2021 թվականի դեկտեմբերին Տաշքենդ կատարած աշխատանքային այցի շրջանակում համագործակցության հուշագիր էր ստորագրել Ուզբեկստանի տուրիզմի և սպորտի նախարարի տեղակալ Ավազժոն Կարիմովի հետ: Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ կողմերը վերահաստատել են համագործակցությունն ամրապնդելու և ավելի սերտ կապեր ձևավորելու անհրաժեշտությունը. «Ուզբեկստանը սպորտի զարգացման համար այսօր հսկայական ներդրումներ է կատարում: Անկասկած, համագործակցության մեծ հեռանկարներ կան, և մենք անպայման պետք է խորացնենք մեր գործընկերությունը»: