13.9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ՝ հունվար-օգոստոսին: Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 8 ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները: Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 56.2 տոկոս, արտահանումն աճել է 52.9, իսկ ներմուծումը՝ 58.2 տոկոսով:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - 13.9 տոկոսը` շուրջ 14 տոկոս, երևի եզակի ցուցանիշներից է ամբողջ աշխարհում: Սա նշանակում է 2 կարևոր հանգամանք՝ օրենսդիր և գործադիր մարմինների սինխրոն աշխատանք: Այսինքն՝ մի բան է` օրենքներ ընդունել էդ տնտեսական ազատության համար, մի բան է կատարողական կարգապահությունը, որն այդուհետ գործադիրը պետք է իրականացնի:
Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.2, առևտրի շրջանառությունը՝ 13.6, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9.2 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.6 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 8.4, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 5.1 տոկոս:
Հայկ Բեջանյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Սա մեզ մի կողմից պետք է ուրախացնի, որ աճի բարձր տեմպ ենք կարողանում ապահովել, մյուս կողմից պետք է զգուշանանք, որովհետև ակնհայտ է, որ էդ արագ զարգացումը՝ գերտաքացած վիճակը, երկար չի տևելու, պետք չէ այդքան ֆիքսվել էդ բարձր արդյունքների վրա: Հակառակը՝ պետք է փորձել ֆունդամենտալ քայլեր ձեռնարկել էս աճի մակարդակը երկարաժամկետի վրա տարածելու և ավելի կայուն ու երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:
Չնայած Կառավարությունը թիրախավորել է տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, ըստ Սերգեյ Բագրատյանի` ներկա տեմպերը թույլ են տալիս երկնիշ աճ ակնկալել:
Սերգեյ Բագրատյան - Իհարկե, ջանքեր պետք է գործադրվեն և՛ կառավարության, և՛ ձեռներեցների կողմից, այս համագործակցությունը պետք է պահել մինչև տարեվերջ: Մանավանդ՝ մենք գիտենք, որ 4-րդ եռամսյակն ավելի բարեբեր է տնտեսության համար: Մենք տեսնում ենք, որ հարկատու-տնտեսվարող-ՊԵԿ հարաբերությունը իսկապես դառնում է համագործակցային, և դա իր լուրջ ազդեցությունն է ունենում այս ցուցանիշների վրա:
Կարևոր է արտահանման մեծ աճը, սակայն, հաշվի առնելով, որ ներմուծում-արտահանում աճը գրեթե հավասարաչափ է, մասնագետների կարծիքով՝ այստեղ որոշակի վերաարտահանման պրոցես է տեղի ունենում մեր երկրի միջոցով: Ըստ մասնագետի՝ տնտեսական բարձր ցուցանիշների հիմնական լոկոմոտիվը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը:
Հայկ Բեջանյան - Վերջին օրերի զարգացումները ևս մեզ հուշում են, որ առաջիկա ամիսներին մեր երկրում դարձյալ նոր մարդկանց հոսք է սպասվում, այս մարդկանց նոր հոսքերը իրենց հերթին պետք է մեր երկրում դրսևորեն պահանջարկի ավելացում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ապագայում ևս մեր տնտեսական ակտիվության, գուցե էլ ավելի բարձր տնտեսական հորիզոններ ակնկալելու իրավունք ունենք:
Միայն օգոստոսին, նախորդ օգոստոսի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 18.5 տոկոսով: Մասնագետի դիտարկմամբ` սեպտեմբերյան էսկալացիան տնտեսական ցուցանիշների վրա էական ազդեցություն չի թողնի՝ հաշվի առնելով վերջին 8 ամսվա բարձր ցուցանիշը:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան