ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՈՒՄ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3500 ՄԵՔԵՆԱ Է ԿՈՒՏԱԿՎԵԼ
Վրաստանի մաքսային անցակետերն անցել են աշխատանքի հատուկ ռեժիմի, հայտարարել են Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունից: Սեպտեմբերի 26-ի դրությամբ ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների ռեկորդային հերթ է գոյացել։ Վերին Լարս անցակետի մոտ՝ ռուսական կողմում, 3500-ից ավելի մեքենա է սպասում: «Վերին Լարս» ռուսաստանյան մաքսային անցակետում խստացվել են Վրաստանից Ռուսաստան շարժվող բեռնատար մեքենաների մաքսային հսկողության ընթացակարգերը:
Հյուսիսային Օսիայի Անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունից էլ հայտնել են, որ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս սահմանային անցակետի մոտ զրահափոխադրիչ է տեղակայվել՝ չնախատեսված իրավիճակում անվտանգությունն ապահովելու նպատակով։
«Զրահափոխադրիչը պետք է գործի անսպասելի իրավիճակներում, եթե, օրինակ, պահեստազորայինները ցանկանան ճեղքել անցակետը և երկրից հեռանալ առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու»,- բացատրել է գերատեսչությունը։
Նշվում է, որ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ զինվորական տարիքի տղամարդկանց՝ երկրից հեռանալու սահմանափակումներ չեն մտցվել։
Ռուսաստանի որոշ շրջաններում սահմանները փակելու մտադրություն չկա, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱԷՄԳ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼ ԶԱԷԿ-Ի ՇՈՒՐՋ
ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Ուկրաինայում և Ռուսաստանում՝ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ անվտանգային գոտի ստեղծելու վերաբերյալ: Գրոսիի համոզմամբ՝ նման քայլը կարևոր է միջուկային աղետը կանխելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որպեսզի երկու երկրները ներգրավվեն գործընթացում:
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կարգավորող մարմին է, և մենք լրջորեն ենք վերաբերվում մեր գործին: Պետք է կանխենք միջուկային զենքի տարածումը և համոզվենք, որ խաղաղության և զարգացման միջուկային էներգիան չվերածվի ոչնչացման և տառապանքի գործիքի»,- ասել է Գրոսին այսօր Վիեննայում մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 66-րդ տարեկան ընդհանուր համաժողովի ընթացքում:
Նստաշրջանի ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի անդամ 175 երկրների ներկայացուցիչները կքննարկեն մի շարք թեմաներ՝ սկսած 2021 թվականի տարեկան զեկույցից և 2023 թվականի բյուջեից մինչև միջուկային գիտության, տեխնոլոգիաների և կիրառությունների հետ կապված գործողությունների ուժեղացումը:
ԵՄ-ՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ, ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԳՆԵՐԸ ՎԱՏԹԱՐԱՆՈՒՄ ԵՆ. ԼԱԳԱՐԴ
Եվրամիության տարածքում էներգիայի և պարենային ապրանքների գների հետ կապված իրավիճակը կշարունակի վատթարանալ, հայտարարել է Եվրոպական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը:
«Էներգիայի և պարենային ապրանքների բարձր գները ճնշում են հատկապես հասարակության առավել խոցելի խմբերին»,- ընդգծել է Լագարդը:
Ավելի վաղ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը այսօր հրապարակված զեկույցում հայտնել էր, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքները համաշխարհային տնտեսության համար շատ ավելի ծանր են լինելու, քան ակնկալվում էր։ Կազմակերպության մասնագետների պնդմամբ՝ 2023 թվականին համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը չի գերազանցի 2.2 տոկոսը։
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԻԺԵՎՍԿԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Նախնական տվյալով՝ 15 մարդ, այդ թվում` 11 երեխա է զոհվել, ևս 24-ը` վիրավորվել Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Անհայտ անձը, ներխուժելով դպրոց, կրակոցներ է արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ: Հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել:
Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն նշել է որ, զինված անձը եղել է սև շապիկով, որի վրա պատկերված էր «նացիստական խորհրդանիշ»:
Հանցագործի ինքնությունը պարզվում է: Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել: