Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարս սահմանային անցակետ զրահափոխադրիչ է շարժվում՝ չնախատեսված իրավիճակում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին, РБК-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԴԾ սահմանային վարչությունից։
«Զրահափոխադրիչը պետք է գործի անսպասելի իրավիճակում, եթե, օրինակ՝ պահեստազորայինները ցանկանան ճեղքել անցակետը և երկրից հեռանալ առանց սահմանային որևէ ձևակերպում իրականացնելու»,- բացատրել է նախարարությունը։
Նշվում է, որ անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով, իսկ զինվորական տարիքի տղամարդկանց մեկնելու սահմանափակումներ չեն մտցվել։
Ավելի վաղ Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նոնա Մամուլաշվիլին հայտարարել էր սեպտեմբերի 26-ից սահմանը Ռուսաստանի տղամարդկանց համար փակելու մտադրության մասին՝ երկիր ժամանող մարդկանց մեծ հոսքի պատճառով։ Մամուլաշվիլին հավելել է, որ մուտքի արգելքը կարող է առաջին հերթին ազդել 18-55 տարեկան տղամարդկանց վրա։
Սեպտեմբերի 26-ի դրությամբ՝ ռուս-վրացական սահմանին ավտոմեքենաների ռեկորդային հերթ է գոյացել։ Վերին Լարս անցակետի մոտ 3500-ից ավելի մեքենա է սպասում: