Պահպանողական կուսակցության պատգամավորները սկսել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասին անվստահություն հայտնող նամակներ ուղարկել, քանի որ դժգոհ են նրա տնտեսական քաղաքականությունից, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ուրբաթ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Քվազի Քվարթենգը Համայնքների պալատին է ներկայացրել կառավարության ծրագիրը, որը նախատեսում է հարկերի զանգվածային կրճատումներ ֆիզիկական անձանց և ձեռնարկությունների համար, ինչպես նաև հարկային այլ արտոնություններ՝ աջակցելու երկրի տնտեսությանը, որը կանգնած է անկման վտանգի առաջ:
Թրասը պաշտոնապես ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը սեպտեմբերի 6-ին:
Եթե բրիտանական խորհրդարանի հատուկ հանձնաժողովը պահպանողականներից վարչապետին անվստահություն հայտնող բավարար քանակությամբ նամակներ ստանա, քվեարկություն կանցկացվի, որի ընթացքում այդ կուսակցության պատգամավորները կորոշեն՝ արժի՞ արդյոք իրենց առաջնորդին վստահություն հայտնել, թե՝ ոչ: