ԶԵԼԵՆՍԿԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԽՈՒՍԱՓԵԼ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՑ
Մի՛ մասնակցեք զորահավաքին, փախեք կամ հանձնվեք ուկրաինական կողմին՝ ռուսաստանցիներին ռուսերենով երեկ կոչ է արել Ուկրաինայի նախագահը: Վոլոդիմիր Զելենսկին հավելել է, որ որքան շատ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ փորձեն պաշտպանել իրենց կյանքը, այնքան շուտ կավարտվի Ռուսաստանի, Զելենսկու բնորոշմամբ՝ հանցավոր պատերազմն Ուկրաինայի ժողովրդի դեմ։
Օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր օրենք, որի համաձայն՝ կամավոր գերի հանձնված զինծառայողներին սպառնում է 10 տարվա ազատազրկում:
ԱՄՆ-Ը ԵՐԲԵՔ ՉԻ ՃԱՆԱՉԻ ԿԵՂԾ ՀԱՆՐԱՔՎԵՆԵՐԸ. ՍԱԼԻՎԱՆ
Ռուսաստանի կողմից զորահավաք հայտարարելը, հանրաքվեները չեն խաթարի Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցությունը՝ հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը: Նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները կգործադրի բոլոր ջանքերը օգնելու Ուկրաինային շարունակել մարտի դաշտում գրանցած հաջողությունները: Սալիվանը նշել է, որ ԱՄՆ երբեք չի ճանաչի կեղծ հանրաքվեները, դրանք ոչ մի կերպ չեն արտահայտում ուկրաինացի ժողովրդի կամքը:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականն անդրադարձել է նաև Մոսկվայի կողմից միջուկային զենքի հնարավոր օգտագործման թեմային՝ շեշտել՝ Վաշինգտոնը բարձր մակարդակով զգուշացրել է Ռուսաստանին, որ Միացյալ Նահանգները վճռական պատասխան կտա:
ԱՄՆ-Ի ՆՊԱՏԱԿԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՆ Է. ԲԼԻՆՔԵՆ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը մշակել է հատուկ գործողությունների ծրագիր Ռուսաստանի կողմից միջուկային զենքի հնարավոր օգտագործմանն արձագանքելու համար: Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների նպատակը հակամարտության ընդլայնումը կանխելն է։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ներկայումս կուլիսային բանակցություններ չեն ընթանում Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
ՃԱՊՈՆԻԱՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՌԴ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ
Ճապոնիան հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթին՝ արգելելով պաշտպանական արդյունաբերության ոլորտին առնչվող և քիմիական զենքի հետ կապված ապրանքների տրամադրումը ռուսական 21 կազմակերպությունների՝ հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։ Նոր պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 3-ից։
ԱՄՆ-ԻՑ ԴՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՑԵԼ. ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Ամերիկացիները վերջին օրերին ուղերձ են հղել, որ ունեն համաձայնության հասնելու կամք՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մանրամասնել է Նյու Յորքում տարբեր երկրների արտգործնախարարների հետ հանդիպումների արդյունքների մասին: Նա նշել է, որ իր թիմը բանակցություններ է վարել Եվրամիության ներկայացուցչի և Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի բանակցային գործընթացի հետ կապ ունեցող երկրների ներկայացուցիչների հետ:
ԻՏԱԼԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ ԿՈՒՆԵՆԱ
Իտալիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են աջակողմյան կոալիցիայի հաղթանակով, որը բավականաչափ ձայներ է հավաքել խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար։ Աջ կենտրոնամետ դաշինքը՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» և «Առաջ, Իտալիա» կուսակցությունների կազմով, ստացել Է 44,53 տոկոս: Կուսակցության առաջնորդ Ջորջիա Մելոնին, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի կառավարության ղեկավարի պաշտոնին: Իտալիան առաջին անգամ կին վարչապետ կունենա: «Իտալիան այս պահից սկսած մեկնարկային կետում է. վաղվանից մենք կապացուցենք մեր ուժը»,- հայտարարել է Մելոնին:
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը ստացել է ձայների շուրջ 8 տոկոսը։ Բեռլուսկոնին ընտրվել է Սենատի անդամ: