ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ Է
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանում է: Բաքվում Վոլոդինը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: ՌԴ Պետդումայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են երկու երկրի նախագահների ջանքերի շնորհիվ: Վյաչեսլավ Վոլոդինն ընդգծել է, որ Պետդուման և Միլլի մեջլիսը պետք է աշխատեն երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի իրականացման ուղղությամբ:
Նա պատրաստակամություն է հայտնել փնտրելու նոր ձևաչափեր՝ երկու երկրների համար ռազմավարական հարցերի լուծումներ առաջարկելու համար: Հանդիպման ժամանակ Պետդումայի նախագահը նաև ուշադրություն է հրավիրել միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման կարևորության վրա: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ միջխորհրդարանական շփումները կշարունակվեն, այդ թվում՝ միջազգային հարթակներում։
ՍՈՉԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՌԴ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Սոչիում հանդիպել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները: Վլադիմիր Պուտինը մանրամասնել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են այնպիսի հարցեր, որոնք չեն բարձրացվել ՇՀԿ վերջին գագաթնաժողովում, այդ թվում՝ տնտեսական համագործակցության և տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ: Ռուսաստանի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է նաև Արևմուտքի սահմանած պատժամիջոցներն և դրանց հակազդելու ճանապարհները: «Մեր գործն արդար է, մենք հաղթելու ենք, այլ ելք չունենք»,- հայտարարել է Լուկաշենկոն։
ՊՈՒՏԻՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԿԻԵՎԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Ուկրաինայի հետ բանակցությունները՝ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը: Մևլութ Չավուշօղլուն մանրամասնել է, որ Կիևի հետ բանակցություններին վերադառնալու հնարավորության մասին Վլադիմիր Պուտինը հայտնել է Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների ժամանակ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ոչ թե Ռուսաստանն է հրաժարվել է Ուկրաինայի հետ բանակցելուց, այլ՝ Կիևը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երեկ լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հանրաքվեների արդյունքների հրապարակումը անհնարին կդարձնի դիվանագիտական բանակցություններին վերադառնալու հնարավորությունը:
Թուրքիայի արտգործնախարարն ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Դոնբասում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից սկսված Ռուսաստանին միանալու հանրաքվեի թեմային:
Թուրքիան չի ճանաչում Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների արդյունքները, հայտարարել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը։ Մենք չենք ճանաչում Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող հանրաքվեների արդյունքները, արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն ու դիրքորոշումն այս հարցի շուրջ»,- ասել է Չավուշօղլուն:
Ղազախստանի արտգործնախարարությունն էլ մեկնաբանելով Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում հանրաքվեների անցկացումը, հայտարարել է, որ Ղազախստանն առաջնորդվում է պետությունների տարածքային ամբողջականության և նրանց իրավահավասարության սկզբունքներով:
ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՍՏՈՒՄ Է ԴԵՊԻ ՀՈՒՆԱՍՏԱՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՀՈՍՔԻՆ
Թուրքիան նպաստում է իր տարածքից անօրինական միգրանտների հոսքին դեպի Հունաստան՝ Էվրոս գետով: Էվրոսի սահմանապահների միության գլխավոր քարտուղարի խոսքով՝ թուրք զինվորները օգնում են փախստականներին ավելի հեշտությամբ հատել գետն ու հայտնվել Հունաստանում: Դիդիմոտեյհոյի քաղաքապետը նշել է, որ Թուրքիան, օգտագործելով այն հանգամանքը, որ գետը ծանծաղել է, փոխստականներին անգամ առանց նավակների ապօրինի կերպով ուղարկում են Հունաստան: Թուրքական Caravan խմբավորման կազմակերպիչները տելեգրամյան ալիքների միջոցով Թուրքիայում գտնվող հարյուր հազարավոր միգրանտների հրավիրում են հեշտ ճանապարհով հատել Հունաստանի սահմանը: Այս ֆոնին Հունաստանի իշխանությունները ուժեղացրել են անվտանգային միջոցառումները. ամեն օր Էվրոսի սահմանին ավելի քան 1500 միգրանտի մուտք է կանխվում:
ԱՄՆ-Ը ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐԱՆՈՒՄ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՀՐԵԼ. ՔԱՆԱՆԻ
Միացյալ Նահանգները փորձում է Իրանում սկիզբ առած բողոքի գործողությունները օգտագործել երկրում անկայունություն հրահրելու համար՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ շեշտելով՝ Իրանը անպատասխան չի թողնի իր ինքնիշխանությունը ոտնահարելու Արևմուտքի փորձերը: «Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու հավակնություն ունեցողները պետք է վերջ տան տասնամյակների անմարդկային պատժամիջոցներին»՝ նշել է ԱԳՆ խոսնակը՝ ընդգծելով, որ Իրանի նկատմամբ թշնամական մոտեցումը միշտ ուղեկցվել է կեղծավորությամբ և երկակի ստանդարտներով: Իրանում վերջերս տեղի ունեցած ակցիաների ֆոնին՝ ամերիկացի և եվրոպացի մի շարք պաշտոնյաներ աջակցություն են հայտնել դրանց մասնակիցներին:
ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ ԻԺԵՎՍԿԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Նախնական տվյալով 13 մարդ, այդ թվում 7 երեխա է զոհվել, ևս 21-ը վիրավորվել Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Անհայտ անձը, ներխուժելով դպրոց, կրակոցներ է արձակել անվտանգության աշխատակցի, ապա նաև դպրոցականների ուղղությամբ: Հրաձգությունից հետո հանցագործը ինքնասպան է եղել: Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն նշել է, որ զինված անձը եղել է սև շապիկով, որի վրա պատկերված էր «նացիստական խորհրդանշան»: Հանցագործի ինքնությունը պարզվում է: Իժևսկում եռօրյա սուգ է հայտարարվել: