Շաբաթ օրը ուսուցիչները կամավոր ատեստավորման են մասնակցել մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից: Երևանում գիտելիքի ստուգման երկու կենտրոն է ձևավորվել, ևս 8-ը՝ մարզերում: Մեկ կենտրոնի օրինակով և նախնական գնահատմամբ՝ բացակաները համեմատաբար քիչ են, քան եղել են նախորդ առարկաների դեպքում:
Արմեն Ասրյան (քննական կենտրոնի ղեկավար) - Ատեստավորման ենթակա ուսուցիչներից մաթեմատիկա առարկայից 88-ից բացակա են 17-ը, ինֆորմատիկա առարկայից 15-ից 9-ն են բացակա: Քննությունը սկսվել է նախատեսված ժամին, ըստ ընթացակարգի, առայժմ որևէ խնդիր չի առաջացել:
Կիրակի էլ ատեստավորում է անցկացվել ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից: Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է ուսուցիչների կամավոր ատեստավորման առաջին երկու օրվա արդյունքները՝ ըստ առարկաների:
Հայոց լեզու առարկայից գիտելիքի ստուգմանը մասնակցելու համար հայտագրվել է 739 ուսուցիչ: Քննական կենտրոն են ներկայացել 439-ը: Նրանցից 100-ը գրանցել են անբավարար արդյունք՝ չհաղթահարելով 60 միավորի շեմը: 70 և ավելի միավոր է ստացել 262 ուսուցիչ՝ վաստակելով աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճարի իրավունք:
Հավելավճարի իրավունք ստացած ուսուցիչներից ամենաբարձր՝ 90 և ավելի միավոր ունի 19 մասնակից:
Եզդիերեն դասավանդող ուսուցիչներից ԳԹԿ-ն ստացել է ատեստավորմանը մասնակցելու 17 հայտ: Քննության եկել են 7-ը: Նվազագույն միավորի շեմը չեն հաղթահարել մասնակիցներից 2-ը: 3 ուսուցիչ ստացել է հավելավճարի իրավունք:
Եզդիերեն դասավանդող ուսուցիչներից մեկը գրանցել է 100 տոկոս արդյունք: Ի դեպ, ամենաբարձր այդ միավորը որևէ այլ ուսուցիչ դեռ չի ստացել:
Պատմություն առարկայից հայտագրվել է 306 ուսուցիչ, կամավոր ատեստավորմանը մասնակցել են 213-ը: Մինչև 60 միավոր, այսինքն՝ անբավարար են ստացել 82-ը: 70 և ավելի միավոր, հետևաբար հավելավճարի իրավունք ստացել է 11 ուսուցիչ:
90-100 տոկոս արդյունք ու հետևաբար աշխատավարձի 50 տոկոս հավելավճարի հնարավորություն ոչ ոք չի ստացել: Մեկ մասնակից 80-ից ավելի արդյունք ունի՝ 40 տոկոս հավելավճարի իրավունքով:
Հայոց եկեղեցու պատմություն առարկայից ատեստավորմանը մասնակցելու համար դիմել է 38 ուսուցիչ, մասնակցել՝ 15-ը: Անբավարար է ստացել 10 ուսուցիչ, 70 և ավելի միավոր՝ 3-ը:
Նրանցից երկուսի արդյունքը 90-ից բարձր է, և աշխատավարձը կավելանա 50 տոկոսով:
Հասարակագիտություն առարկան դասավանդողներից հայտագրվել էին 46-ը, մասնակցել՝ 25-ը: Անբավարար ստացել է միայն 1 հոգի: 70 տոկոս և ավելի արդյունք ունեն 11-ը: Հասարակագիտություն դասավանդող ուսուցիչներից 2-ը 50 տոկոս հավելավճարի իրավունք են ձեռք բերել, 7-ը՝ 40 տոկոս:
Հիշեցնենք, 60-70 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը համարվում է ատեստավորումն անցած, բայց առանց հավելավճարի իրավունքի: Կամավոր ատեստավորումը սկսվել է սեպտեմբերի 17-ից: Արդյունքները հրապարակվում են 5-րդ օրը: Վերջին քննությունը հոկտեմբերի 2-ին է: Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տեղահանվածները հնարավորություն ունեին ատեստավորմանը մասնակցելու իրենց գտնվելու վայրի քննական կենտրոնում: Մեր այցելած կենտրոնում ատեստավորվող ուսուցիչներից 4-ը Սյունիքի և Վայոց ձորի մարզերից էին: Իսկ թե առհասարակ բացակայությունների մեծ թիվը որքանով կարող է կապ ունենալ տեղահանումների հետ, ԳԹԿ-ն դեռ չի ամփոփել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան